Մայիսի 18-ից մայիսի 26-ը Հայաստանում մեկնարկել է կիբեռանվտանգության շաբաթը: Այն միտված է բարձրացնելու հասարակության մեդիագրագիտությունը։ Նոր տեխնոլոգիաների առաջխաղացումը օգնում է հանցագործներին տարեցտարի կատարելագործել խարդախության տեսակները՝ իրենց թակարդը գցելով ավելի շատ զոհերի։
Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Վաղինակ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում նկատվում է կիբեռհանցագործությունների վերաբերյալ հաղորդումների աճ, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է իրավապահ համակարգի նկատմամբ մարդկանց կողմից բարձր վստահությամբ։
Մասնավորապես, խարդախության զոհ, որպես կանոն, կարող են դառնալ բոլոր տարիքային խմբերի մարդիկ, սակայն առավել թիրախավորված են երիտասարդները, որոնք ավելի շատ են օգտվում համացանցից։
Թերևս ամենաշատ տուժում է բանկային ոլորտը, երբ զեղծարարները հասարակությանը հայտնի կազմակերպությունների կամ բանկերի անունից գումարներ են փորձում շորթել, մարդկանց առաջարկում են կատարել կասկածելի ներդրումներ՝ կրիպտոարժույթի կամ այլ որորտներում։ Եղել է դեպք, երբ տուժողի կողմից կասկածելի ներդրումի չափը հասել է մինչև 20 հազար դոլարի։
Թվային միջավայրը ստերիլ պահելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների։
«Կցանկանայի խորհուրդ տալ մեր հասարակությանը՝ մեդիա հարթակներում լինել ուշադիր, սոցիալական հարթակներում սահմանափակել անհատական էջերը, էջը չվարել բաց ձևաչափով, որտեղից հանցագործը հեշտությամբ կկարողանա ներբեռնել իրենց լուսանկարները, չբացել կասկածելի հղումներ, չլրացնել անհատական տվյալներ։ Խիստ կարևոր է ուշադիր լինել առցանց առևտրի հարթակներին, որոնցից է, օրինակ, List am-ը, որը բավական մեծ տարածում ունի մեր հասարակության մեջ»,-նշեց Վաղինակ Մինասյանը:
Ոստիկանությունը հորդորում է համացանցում ցանկացած գործողություն կատարելիս ցուցաբերել զգոնություն, ուշադիր լինել երեխաների լուսանկարները համացանց ներբեռնելիս. վերջին շրջանում շատ են դեպքերը, երբ լուսանկարը բեռնվում է այլ օգտատիրոջ կողմից և օգտագործվում մարդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող գրառումներով կամ սպառնալիքներով։
Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է կիբեռհացագործությունների մասին Բուդապեշտյան կոնվենցիայի անդամ պետություն։ Իրավապահ համակարգը պարբերաբար թարմացնում է օրենսդրական բազան, ինչն էլ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ պայքարել կիբեռհանցագործությունների դեմ։
Քաղաքացիներին հորդորում ենք նմանատիպ ցանկացած հարցի դեպքում զանգահարել ՆԳՆ թեժ գիծ՝ 011 52 52 52։