Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը պետք է պարունակի նաեւ ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:
Զեկուցողը տեղեկացրել է, որ հետագայում ԿԸՀ-ն նաեւ որոշակի հավելվածի զարգացման առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի եւ գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվությանը: Նա նշել է, որ դրա նախնական դրսեւորումները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ գործող կարգավորումներն ընդունվել են դեռեւս 2006 թվականին: Գործող հրամանով՝ ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ» ՓԲԸ-ին, վերջինս թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում: «Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլեւս արդյուանվետ չէ, նաեւ էական ծախս է պետբյուջեի համար»,-արձանագրել է զեկուցողը եւ տեղեկացրել, որ Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 մլն դրամ. ընտրություններում կար 827 000 ընտրող:
«Վերջին անգամ ընտրողների ռեգիստրը, որը տեղադրվել է ԿԸՀ կայքում, այս ամսվա մեկնարկին էր. մենք ունեցել ենք 2,4 մլն ընտրող: Եթե այս հաշվարկով գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին ծախսը կարող է գերազանցել 800 մլն դրամը, եւ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման եւ տեղեկատվությունը մարդկանց հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,-ասել է Արմեն Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում դրական է գնահատել օրենսդրական առաջարկը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նմանատիպ գրառումներ