1. Հայաստանում Հանրապետությունում օրինական բնակության իրավունք
Հայաստանում փախստական ճանաչվելու դեպքում անձին տրվում է օրինական բնակության իրավունք առանց ժամկետային սահմանափակման, ինչպես նաեւ համապատասխան փաստաթուղթ:
2. Աշխատանքի իրավունք
Փախստականն ունի աշխատանքի իրավունք: Փախստականից չի պահանջվում դիմել աշխատանքի իրավունք ստանալու համար, ինչպես պահանջվում է մյուս օտարերկրացիներից: Նա այդ իրավունքն ստանում է մեխանիկորեն՝ փախստականի կարգավիճակին զուգահեռ։
Նա իրավունք ունի աշխատանք փնտրելու եւ աշխատելու նույն պայմաններով, ինչ Հայաստանի քաղաքացիները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով պահանջվում է պարդադիր ունենալ Հայաստանի քաղաքացիություն (օրինակ`պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու համար պարտադիր է Հայաստանի քաղաքացի հանդիսանալը):
3. Կրթության իրավունք
Հայաստանում փախստական ճանաչված անձինք կրթության հարցերում ունեն Հայաստանի քաղաքացիներին հավասար իրավունքներ: Նրանք իրավունք ունեն Հայաստանի պետական հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունել իրենց՝ 6 տարին լրացած երեխային կամ ավելի բարձր տարիքի երեխային։
Փախստականը կարող է ընտրել այն հանրակրթական դպրոցը, որտեղ պետք է հաճախի իր երեխան։
4. Տեղաշարժի եւ բնակության վայր ընտրելու իրավունք
Փախստականը կարող է Հայաստանի ողջ տարածքում ազատ տեղաշարժվել եւ բնակության վայր ընտրել. դա իր իրավունքն է:
Հայաստանի տարածքից դուրս կարող է ճամփորդել իր վավեր կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով այդ երկիր մուտքի արտոնագիր (վիզա) ունենալու դեպքում:
5. Սեփականության իրավունք
Շարժական եւ անշարժ գույքի ձեռք բերման եւ սեփականության իրավունքի հետ կապված մյուս հարցերում փախստականն ունի Հայաստանի քաղաքացիների համար սահմանված նույն իրավունքները: Նա չի կարող ունենալ միայն հողի սեփականության իրավունք, քանի որ ազգային օրենսդրությամբ հողի սեփականության իրավունք տրվում է Հայաստանի քաղաքացիներին եւ Հայաստանում կացության հատուկ կարգավիճակ ստացած օտարերկրացիներին:
6. Սոցիալական եւ առողջապահական իրավունքներ
Փախստականն իրավունք ունի Հայաստանի քաղաքացիներին համահավասար օգտվելու սոցիալական ծառայություններից, օրինակ՝ ստանալ պետական նպաստներ եւ դրամական օգնություններ, ինչպիսիք են ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների եւ մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար հատկացվող նպաստները, կենսաթոշակը, գործազրկության թոշակը։ Օրենքով սահմանված կարգով՝ իրավունք ունի ստանալու անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, իսկ 18 տարին չլրացած անձինք նաեւ անվճար հիվանդանոցային բուժման հնարավորություն ունեն՝ ՀՀ օրենքին եւ կանոնադրությանը համապատասխան։
7. Հայաստանի քաղաքացիություն ստանալու (նատուրալիզացիայի) իրավունք
Եթե անձը ճանաչվել է փախստական, ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա իրավունք ունի դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար
Որոշ իրավունքների սահմանափակումներ.
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ փախստականը չունի ընտրելու իրավունք, չի կարող անդամագրվել ՀՀ որեւէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների, չի կարող լինել հանրային ծառայող, չունի հողի նկատմամբ սեփականության իրավունք:
Փախստականի պարտականությունները.
Փախստականն իր իրավունքներից օգտվելիս պետք է հարգի ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանի հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
Նա պարտավոր է վճարել հարկեր, տուքեր եւ կատարել օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումներ: