Հունիսի 26-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի ասուլիսը։
Ներկայացվել են հանրային լայն քննարկման առարկա դարձած ՆԳ նախարարության երկու օրենսդրական նախաձեռնությունները:
Անդրադառնալով անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կարգավորման օրենսդրական նախաձեռնությանը՝ Ռուսլան Մարանդյանը նշել է. «Նախաձեռնության առաջնային նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցների սահմանումն է, այլ ՀՀ-ում այս ոլորտում նոր մշակույթի ձևավորումը»։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է.
• Սահմանել անհատական շարժունակության միջոցի հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում է։
• Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
• Երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, ինչպես նաև մայթով կամ հետիոտնային արահետով այն դեպքերում, երբ բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է։ Երթևեկությունը կթույլատրվի կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար նախատեսված գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է:
• Որոշակի պայմանների առկայության դեպքում երթևեկությունը կթույլատրվի նաև երթևեկելի մասի աջ եզրով։
• Նշված միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն անհատական շարժունակության միջոցները 20 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
• Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող, օրինակ՝ ուսապարկի միջոցով):
• Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
• Մինչև 18 տարեկան անձանց կողմից այդ միջոցներով երթևեկությունը թույլատրվում է միայն համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում, բացառությամբ՝ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց։
Կարգավորման շրջանակներում վերահսկողության մասով Ռուսլան Մարանդյանն ընդգծել է. «Մեր տեսլականը հետևյալն է. ծրագրատեխնիկական լուծումների մասով հասնել մի իրավիճակի, երբ ծառայություն ձեռք բերողից պահանջվեն որոշակի տվյալներ։ Վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունը ծառայությունը տրամադրելիս պետք է հնարավորություն ունենա նույնականացնելու առնվազն անձի տարիքը»։
Ասուլիսի ընթացքում ներկայացվող ՆԳՆ երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերել է հանրային անվտանգության ապահովման շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու իրավական կարգավորմանը։ Մասնավորապես.
• Տնտեսվարողները կպարտավորվեն շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել բարձր որակի տեսահսկման համակարգերով՝ 24/7 ռեժիմով տեսանկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահելու հնարավորությամբ։
«Տնտեսավարողների շրջանակի ընտրությունը կապված է «Խելացի քաղաքի» կոնցեպտի հետ։ Ուրբանիզացիայի մակարդակի աճին զուգահեռ՝ սկսեց կիրառվել այս մոդելը, որի գլխավոր նպատակը հանրության կյանքի որակի բարելավումն է»,-ընդգծել է Մարանդյանը։
• Տնտեսվարողների համար նախատեսվում է պարտավորություն՝ շինության տարածքը այնպես կահավորել տեսահսկման համակարգերով, որպեսզի շինության մուտքը (մուտքերը), ինչպես նաև 2 մետր լայնությամբ հատվածը պարտադիր ընդգրկվեն տեսահսկվող տիրույթում։
• Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողներին տրվում է 1 տարի ժամկետ, որպեսզի կարողանան իրենց շինությունը կահավորել համապատասխան տեսահսկման համակարգերով։ Ընդ որում, օրենքը ուժի մեջ կմտնի Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրը, որը նախատեսվում է ընդունել օրենքի պաշտոնական հրապարակումից հետո 18-ամսյա ժամկետում։
«Նախագծի հավելյալ արդյունքը և արժեքը բարձր է լինելու։ Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին անհամաչափ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Օրենսդրական կարգավորումը նախաձեռնելիս ուսումնասիրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փորձը»,-նշել է Ռուսլան Մարանդյանը։
Մարանդյանի խոսքով՝ որևէ անձ ՆԳՆ-ին չի հետաքրքրելու, քանի դեռ օպերատիվ հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես նաև տվյալները չեն կարող փոխանցվել երրորդ անձանց։
«Տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում ՆԳՆ-ի կողմից կարող է իրականացվել իրավախախտումների կանխման, նախականխման և բացահայտման համար, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով գույքի հայտնաբերման համար, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման համար, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ու անվտանգության ապահովման համար»,- նշել է նա և հստակեցրել՝ այլ դեպքերում այս եղանակով տվյալների ստացումը համարվելու է իրավախախտում։