Հունիսի 27-ին Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում մեկնարկել է հավասարության և խտրականության դեմ թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացը:
Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել որևէ հիմքով խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակներում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության դեմ պայքարի, խտրականության, ատելության և ռասիզմի շարժառիթով կատարված հանցանքների կանխման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:
Միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված ՆԳ նախարարության և ոստիկանության կարողությունների զարգացմանը։
Նա վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նշելով, որ համագործակցությունը տարիների փորձ ունի և դրանով իսկ ապացուցել է իր արդյունավետությունը։
Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ներկա փուլում համատեղ քննարկումների և վերապատրաստումների իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս հասցեագրել գործնականում ի հայտ եկած խնդիրները, նախանշել համակարգային լուծումներ և ապահովել ՆԳ ծառայողների շարունակական կրթությունը։
Անդրադառնալով Եվրոպական դատարանի Օգանեզովան ընդդեմ Հայաստանի վճռին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Կառավարության հատուկ ուշադրության ներքո գտնվող ընդգծումները և նշել ԵԽ կողմից մշակված հավասարության և խտրականության դեմ ոստիկանական կրթության և փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելության, ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ ձեռնարկների շուրջ համատեղ աշխատանքները շարունակելու հանձնառության մասին։
Նրա խոսքով ձեռնարկները պետք է դառնան ՆԳՆ կրթահամալիրում կրթական գործընթացի, այդ թվում՝ մշտական վերապատրաստումների պարտադիր բաղադրիչ։
Արփինե Սարգսյանը նշել է, որ ոստիկանության ծառայողների վերապատրաստումները պետք է լինեն տարեկան կտրվածքով, ինչը հնարավորության կտա վերլուծել գործնականում, այդ թվում՝ ծառայողների կարգապահական խախտումներում ի հայտ եկած խնդիրները և տարեկան վերապատրաստման պլանը կազմել ըստ թիրախային ուղղությունների։
Դասընթացավարների կազմում են Ռասիզմի և անհադուրժողականության դեմ Եվրոպական հանձաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը, միջազգային փորձագետներ Մոլդովայի և Չեռնոգորիայի Ներքին գործերի նախարարություններից։
Փորձագետներն ընդգծել են ՀՀ-ում իրավապահ մարմինների և հատկապես ոստիկանության գործունեության շրջանակներում խտրականության դեմ պայքարի լավագույն փորձի ներդրման անհրաժեշտությունը ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բացառման տեսանկյունից։
Փորձագետները հույս են հայտնել, որ ներկայացվող տեղեկատվության և ակտիվ քննարկումների միջոցով հնարավոր կլինի նպաստել ոստիկանության ծառայողների գիտելիքների և կարողությունների բարելավմանը։
Ընթերցվել է նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի ուղերձը, որում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը և խտրականության բացառմանը աջակցելու ԵԽ պատրաստակամությունը:
Բացման խոսքով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
2024 թվականի ընթացքում նախատեսվում է անցկացնել հավասարության և խտրականության դեմ թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացի ևս մեկ փուլ։
Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: