Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։
Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել են շրջակա միջավայրի, ինչպես նաև երկրաշարժերի մոնիթորինգի ուղղությամբ իրենց աշխատանքը։ Քաղաքացիական պաշտպանությանն օժանդակելու Ֆրանսիայի հանձնառությանը համահունչ՝ Նիկոլաս Բրաչեթը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքները: Նա վերահաստատել է իրենց լիակատար աջակցությունը՝ օգնելու պահպանել և բարելավել Հայաստանում սեյսմիկ մոնիթորինգի կարողությունը։
Վահե Ղազարյանը հայտնել է, որ Նախարարության ուշադրության կենտրոնում է և հետևողականորեն իրականացվում են ինչպես դիտացանցի պարբերաբար արդիականացման աշխատանքները, այնպես էլ դիտացանցը նոր սարքավորումներով համալրելու գործընթացը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ փոխգործակցությունը։