Հունիսի 26-ին տեղի է ունեցել «ՀՀ ՆԳ նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակի վերահսկողությունը՝ օրվա հրամայական» թեմայով քննարկում, որը գլխավորում էր ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը։
Մասնակցում էին նախարարության ենթակա ծառայությունների, ինչպես նաև «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ներկայացուցիչներ։
Խաչատուր Իգիթյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին՝ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության գործընթացների ստանդարտացման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքի համար։
Նա նշել է, որ նորաստեղծ վարչությունը ՆԳ նախարարության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր իրավասության շրջանակներում իրականացնում է Նախարարության և ենթակա մարմինների կողմից պետական ծառայությունների մատուցման որակի հսկողությունը, թույլտվությունների ու լիցենզիաների տրամադրման գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմների կիրառման կազմակերպումը և իրականացումը:
«Վարչության նպատակը Նախարարության և ենթակա պետական մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների շարունակական կատարելագործման ապահովումն է, նաև այնպիսի ծառայությունների մատուցումը, որը կբավարարի ծառայություն ստացողի սպասումները: Դրա համար պետք է համատեղ ուժերով լուծենք մեր առջև դրված հետևյալ խնդիրները՝ մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում, կանխատեսելիության ապահովում և հասանելիության ու դյուրինության ապահովում»,-նշել է Խաչատուր Իգիթյանը:
Նա հավելել է, որ Վարչության աշխատակիցներն իրավունք ունեն անարգել այցելել Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ, ենթակա պետական մարմիններ և օրենքով նախատեսված դեպքերում նաև կազմակերպություններ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ գործողություններ կատարելու, փաստաթղթեր, նյութեր ու գործեր կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ պահանջելու և սահմանված այլ գործողություններ իրականացնելու համար:
Վարչության ծառայությունների որակի գնահատման բաժնի պետ Էթերի Գրիգորյանը ներկայացրել է Վարչության կողմից մշակված՝ հանրային ծառայությունների մատուցման որակի ապահովման համար նախատեսված ստանդարտները:
Ներկայացվել են նաև միջազգային փորձագետների հետ լավագույն չափորոշիչներին համահունչ մշակված և Հայաստանում տեղայնացված ծառայությունների մատուցման որակի վերահսկողության հիմնական ցուցանիշները, մեթոդաբանությունը:
Նշենք, որ ՆԳ նախարարի կողմից հաստատվել է Վարչության 2024 թ. տարեկան ծրագիրը, որում հիմնական շեշտը վերաբերում է ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ կտա ծառայությունների մատուցման որակի ուղղությամբ վարել ապացուցահեն վիճակագրություն:
Ծավալվել է ակտիվ քննարկում՝ կատարողական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության շուրջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ։