Հուլիսի 19-ից 20-ը ՆԳ նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ դեսպանատան ու Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ՝ Ծաղկաձորում անցկացվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա համագործակցության բարելավում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

Բացման խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան և Քննչական կոմիտեի գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և երկօրյա վերապատրաստման դասընթացի նախաձեռնությունը համատեղ կյանքի կոչելու համար։

Նախարարության կողմից հանրային հասանելիության տիրույթում տեղեկատվության ապահովման համատեքստում փոխնախարարն ընդգծել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ արդյունավետ երկխոսության ապահովման կարևորությունը՝ մատնանշելով նախորդ տարիներին ոլորտում արձանագրված խնդիրների համատեղ գեներացման հաջող փորձը և նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը։

Արփինե Սարգսյանը նշել է, որ վերապատրաստման դասընթացը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքի մի մասն է, ինչի շարունակականությունը թույլ կտա փաստերի արձանագրման շուրջ համատեղ նոր քայլեր նախանշել։

Անդրադառնալով նորաստեղծ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության աշխատանքին՝ փոխնախարարն ընդգծել է վարչության միջոցով նախարարության երեք ծառայությունների՝ մեկ ձայնով հանդես գալու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս առավել համակարգված իրականացնել թե՛ պետական մարմինների, թե՛ ԶԼՄ ներկայացուցիչների հետ տեղեկատվության փոխանցման գործընթացը։
Բացման խոսքով հանդես են եկել նաև ԱՄՆ դեսպանատան և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները։

Օրակարգային թեմաներով հանդես են եկել ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, մեդիափորձագետներ։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կոմիտեի համակարգային բարեփոխումների շրջանակում ներկայացրել է հիմնական գործառույթները, իրականացված բարեփոխումների և նոր քրեադատավարական ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է նորաստեղծ վարչության գործունեությունը, ստորաբաժանման կարողությունների զարգացման և կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ մատնանշելով օպերատիվ և համակարգված աշխատանքի օրինակներ։

Նա կիսվել է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Միջազգային այցելու առաջնորդության ծրագրի» (IVLP) մասնակցության փորձառությամբ՝ նշելով, որ այն խթան էր Հայաստանում քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձևավորման համար։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ներկայացրել է ԶԼՄ-Քննչական կոմիտե հետադարձ կապը՝ անդրադառնալով արտաքին հաղորդակցության նպատակներին և հրապարակումների գնահատման սկզբունքներին։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարական ծրագրի նախագիծը: Նա մատնանշել է մասնավորապես ոստիկանության 4 հենասյունային ուղղություններով իրականացված աշխատանքները և նախատեսվող ռազմավարական մոտեցումները, սահմանված նպատակներն ու դրանց հետագա գնահատման համար ելակետային տվյալները:

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ մարմինների հետ Ծրագրի գործակցությունը ՝ մատնանշելով փորձի փոխանակման և ձեռքբերումների մասին։

Ժողովրդավարական արժեքների համատեքստում ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն անդրադարձել է կարծիքի արտահայտման ազատությանը։

Կրթահամալիրի Սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Ամալյա Սաֆարյանը անդրադարձել է իրավաչափ վարքագծի շրջանակներում ԶԼՄ-ների և պետական, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև առողջ երկխոսության զարգացմանը, սահմանադրական իրավակարգավորումներին։

Հուլիսի 20-ին Ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն թեմայով դասախոսություն է անցկացրել Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը։ Նա ներկայացրել է ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկությունները, այնուհետև վերապատրաստման մասնակիցների հետ անցկացրել է գործնական պարապմունք՝ ցուցադրելով ապատեղեկատվության տարածման եղանակները։

Տեղեկատվական անվտանգության, կիբեռիրազեկման և մեդիագրագիտության մասին տեղեկատվությամբ է կիսվել մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ Նա անդրադարձել է լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրին և ընդգծել տարբեր իրավիճակներում լրագրողների անվտանգության ուղեցույցներով առաջնորդվելու կարևորությունը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը ներկայացրել է փաստերի ստուգման գործիքները, որոնք լրագրողներին հնարավորություն են տալիս կատարել ընդլայնված որոնում, ստուգել տեղեկատվության, լուսանկարների և տեսանյութերի իսկությունը։

Դասախոսությունների և ոլորտային խնդիրների շուրջ ծավալել է ակտիվ քննարկում։

Վերապատրաստումն անցկացվել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած լրագրողների անվտանգության արշավի շրջանակում։

Նմանատիպ գրառումներ