Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության կրթահամալիրում հանդիպել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ընդունելության մրցույթը հաղթահարած ոստիկանների հետ:

ՆԳ նախարարը շնորհավորել է քրեական ոստիկաններին՝ ընդունելության փուլերի հաղթահարման և ուսումնական գործընթացի մեկնարկի կապակցությամբ։

Վահե Ղազարյանն ընդգծել է ՆԳ նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների շարքում նոր ձևավորվող մասնագիտացված ծառայության առանձնահատկությունը՝ նշելով, որ ստորաբաժանման կայացման գործում կարևոր դերակատարում պետք է ունենա յուրաքանչյուր ոստիկան։

ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանների և քաղաքացիական անձանց գիտելիքների ու աշխատանքային փորձի համատեղումը՝ նշելով, որ քրեական ոստիկանի նոր կերպարի ձևավորման գործընթացում ընտրվել են լավագույնները։

Վահե Ղազարյանը մատնանշել է քրեական ոստիկանների պրոֆեսիոնալիզմի և կարողությունների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ անդրադառնալով վերապատրաստումների անցկացման գործընթացին։

Նա հանդիպման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայից, ակնկալիքներից։

Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, Արթուր Խուդինյանը, ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ու Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատասխանել է ապագա քրեական ոստիկանների հարցերին: Նա վերստին ընդգծել է քրեական ոստիկանությունից ակնկալվող նախարարության պահանջները:

Նմանատիպ գրառումներ