ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցման է ներկայացրել «Ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ընտրությունների ժամանակ թղթային ծանուցումներից և անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել ԿԸՀ և ՆԳՆ պաշտոնական կայքերում։ Նախագծով կանոնակարգվում են ընտրական ցուցակների հրապարակման հետ կապված հարաբերությունները. մասնավորապես՝ առաջարկվում է հերթական ընտրություններից՝ 40 օր առաջ, արտահերթ ընտրություններից՝ 20 օր առաջ հրապարակել ընտրողների նախնական ցուցակները, իսկ 7 օր առաջ հրապարակել վերջնական հաստատված ցուցակները:
Ըստ նախագծի՝ ԿԸՀ և ՆԳՆ կայքէջերում կտեղադրվեն տեղեկություններ, որոնցում կներկայացվեն ընտրական ցուցակները՝ ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվերկության օրվա, ժամանակի, ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությամբ։
Նախկինում գործընթացը կարգավորվում էր լիազոր մարմնի ընդունած ենթաօրենդրական ակտով։ Արմեն Ղազարյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում առաջարկել է կարգավորումն ամրագրել օրենքում և ընդունել երկրորդ ընթերցմամբ։
Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:
Նիստի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը հայտնել է, որ օգոստոսի 30-ի դրությամբ ստացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 4300-ից ավելի անձանց քաղաքացիության դիմումներ. շուրջ 3000-ին ՀՀ նախագահի հրամանագրերով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ անչափահասների ՀՀ քաղաքացիության ստացման հետագա գործընթացը պայմանավորված է ծնողների անձնագրի փոփոխությամբ։