«Ոստիկանության զորքերում ծառայելն ինձ համար հասարակական կարգը պահպանելու, մարդկանց օգնելու հնարավորություն է, ինչը պատասխանատվությամբ, սրտացավորեն եմ անում»:
ՆԳՆ ՈԶ զորամասի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին մարտական խմբի հրամանատար, ավագ սերժանտ
Հրայր Խալաթյան

«Փրկարարը պետք է լինի ոչ միայն բարեխիղճ, սրտացավ, այլև ունենա ուժեղ բնավորություն ու կամք՝ հաղթահարելու ծառայության բարդությունները»:
Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ
Կարեն Գրիգորյան

«Իրավաբան դառնալու իմ երազանքն իրագործվեց նախ իրավակարգի ամրապնդման, այնուհետև` մեր երկրի սահմանների պաշտպանության զինվոր լինելու փորձությամբ։ Այդ պատվավոր ուղին հաղթահարելուց հետո հասկացա, որ ծառայությունս չի ավարտվել։ Որովհետև ծառայությունը հայրենիքին չի ավարտվում, այն էություն է, նվիրում և պատասխանատվություն ամբողջ կյանքում»։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի զորամասի շտաբի հերթապահ մասի օպերատիվ հերթապահ
Սևակ Խաչատրյան

«Փրկարարի մասնագիտությունը առաքելություն է: Փրկարար լինելու համար նախևառաջ պետք է լինել մարդասեր: Իսկ պատրաստակամությունը, սրտացավությունը, գործին նվիրվածությունը հատկանիշներ են, որոնք անպայման պետք է ունենա փրկարարը»:
ՆԳՆ ՓԾ Գյումրու թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, Փ/Ծ ավագ լեյտենանտ
Արմեն Վարդանյան

«Ծնվել եմ ոստիկանությունում ծառայողի ընտանիքում։ Բնական էր հորս ճանապարհով գնալը։ Իսկ նեղ մասնագիտացմամբ ծառայությունը Ոստիկանության զորքերում կրկնակի պատասխանատվություն է` լինել հենց այն օղակը, որով կազմակերպվում է հիմնական ծառայությունը»։
ՆԳՆ Ոստիկանության զորքերի ՀԿՊ զորամասի շտաբի կապի պետ
Խաչիկ Մնացականյան

«Ընտրելով ոստիկանությունում ծառայությունը` նաև փորձել եմ կոտրել ոստիկան կնոջ հանդեպ կարծրատիպը: Իմ ծառայությամբ ամեն օր փաստում եմ, որ, այսպես ասած՝ տղամարդկային համարվող աշխատանքը կինը ևս կարող է կատարել, կարևորը ունակությունն է։ Ի վերջո, հասարակության մեջ անհավասարությունը վերացնելու գործընթացը ոչ թե կոնկրետ մեկի, այլ մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»։
ՆԳՆ Ոստիկանության զորքերի ՀԿՊ զորամասի շտաբի գաղտնի մասի պետ
Կարինե Ասատրյան

«Փրկարար լինել՝ նշանակում է ունենալ արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտություններ, լինել սրտացավ և պատրաստակամ: Նաև պետք է մշտապես կատարելագործել աղետների, արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ գիտելիքները»։
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Վահան Թունյան։

 

«Պարզ իրադրությունից մինչև ամենաբարդ, ճակատագրական պահերին փրկության հասնելը մարդկության հանդեպ սիրո, նվիրվածության ցուցիչ է: Փրկարարի կոչումը հենց այդ առաքելությունն է: Նա անգամ իր կյանքի գնով պատրաստ է կյանքեր փրկել՝ իր կոչմանը հավատարիմ»:
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարար ծառայության սերժանտ Գալինա Ղանդիլյան։

 

«Փրկարար լինելը առանձնահատուկ, մարդասիրական առաքելություն է: Պետք է լինել սրտացավ, համարձակ ու պատասխանատու, գերազանց տիրապետել մասնագիտական հմտություններին, առաջնորդվել այն գիտակցումով, որ յուրաքանչյուր րոպեն կարող է մարդկային կյանք արժենալ»։
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արտակ Լալայան։

 

«Հայրս՝ գնդապետ Արտյոմ Միրզոյանը, զոհվել է հանուն հայրենիքի, և մեր ընտանիքում հայրենիքի հանդեպ առանձնակի սեր կա։ Ծառայությունը Ոստիկանության զորքերում հերոս հորս կիսատ թողած գործի շարունակությունն է լինելու, և այդ ճանապարհն անցնելու եմ ոստիկան կնոջ հանդեպ հասարակության մեջ կարծրատիպ կոտրելու պատվաբեր աշխատանքով։ Պատի՛վ ունեմ»։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի շտաբի կադրերի և շարային մասի գործավար, կրտսեր սերժանտ Միլենա Միրզոյան։

 

«Իմ առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է։ Պետությունն այսօր գնահատում է այս առաքելությունը՝ տալով ինքնադրսևորման հնարավորություն»։
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գնել Հարությունյան։

Նմանատիպ գրառումներ