Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է:
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:
Արմեն Մկրտչյանը անդրադարձել է վերջին տարիներին հանրության մտահոգությանը՝ թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության «երիտասարդացման» հարցում։ Նա նաև նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել:
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը նպատակաուղղված է մի շարք խնդիրների լուծմանը.
• իրավապահ համակարգի, մասնավորապես՝ սահմանային ծառայությունների կարողությունների բարձրացում, տեխնոլոգիական հագեցվածություն,
• միջազգային չափորոշիչներին համապատասխան վիճակագրության ներդրում, ինչը ենթադրում է տարաբնույթ համապարփակ ուսումնասիրություններ, որոնք առնչվում են թե՛ թմրամիջոցների գործածման, թե՛ մահվան և թե՛ այլ դեպքերի,
• հատուկ մեթոդաբանություն պահանջող հետազոտությունների իրականացում՝ համատեղելով թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության կանխարգելմանը միտված միջոցառումների ձեռնարկումը,
• նկատի ունենալով թմրանյութերի ապօրինի շրջանառության անդրազգային բնույթը՝ Ոստիկանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդում, ինչը կապահովի տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից իրականացված կանխարգելիչ միջոցառումների բարձր արդյունավետություն,
• միջոցառումների իրականացում, որոնք միտված են ոչ միայն թմրամիջոց գործածող անձանց բուժմանը, այլ նաև հետագայում նրանց ինտեգրմանը հասարակություն,
• կրթական և իրազեկվածության մակարդակի բարձրացում՝ հատկապես հանրակրթության բնագավառում։
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ կերպով հասցեագրող փաստաթուղթ է: