Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հավասարության և խտրականության դեմ պայքարի թեմայով երկօրյա վերապատրասման ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Դասընթացը կազմակերպվել է ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների համար՝ նպատակ ունենալով բացառել խտրականությունը ոստիկանության գործունեության շրջանակում, ինչպես նաև ամրապնդել ոստիկանության կարողությունները խտրականության դեմ պայքարի, ատելության շարժառիթով կատարված հանցանքների կանխման ու դրանց բացահայտման ուղղությամբ։

Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը ընդգծել է վերապատրասման արդյունքների կարևորությունը, որոնք կարող են հենք հանդիսանալ ոստիկանների թիրախային ուղղություններով մասնագիտական զարգացման համար։

Խոսելով Եվրոպական Դատարանի վճիռների կատարման մասին՝ փոխնախարարը նշել է, որ դրանք կարող են նպաստել հայաստանյան պրակտիկայի կատարելագործմանը և մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հաստատմանը։

Անդրադառնալով «Օգանեզովան ընդդեմ Հայաստանի» վճռին՝ փոխնախարարը նշել է, որ այն ուղենիշ է հանդիսացել այս ոլորտում նոր քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Եվրոպայի Խորհրդի կողմից ողջունելի մոտեցում է ունենալ նմանատիպ վերապատրաստումներ, որոնք պիլոտավորման արդյունքում ոստիկանների շարունակական կրթության ապահովման շրջանակում կդառնան տարեկան վերապատրաստման պարտադիր բաղադրիչ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել թե՛ Եվրոպական միությանը, թե՛ Եվրոպայի Խորհրդին թեման գործընկերության շրջանակում դիտարկելու և կարևորելու համար՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այս ոլորտում հետագա համագործակցությունը։

Փոխնախարարը պատասխանատու և պարտավորեցնող է համարել փորձագետների ներգրավվածությունը վերապատրաստման ծրագրում՝ հույս հայտնելով, որ նրանց փորձառության շնորհիվ ծառայողների աշխատանքային արդյունավետությունը կբարելավվի։

Դասընթացավարների կազմում էին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի անդամ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետներ Արսեն Նիկողոսյանը և Փոլ Ջիաննասին։

Ողջունելով ներկաներին՝ Մաքսիմ Լոնգանգեն նշել է, որ այս վերապատրաստումը կարևոր քայլ է մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բացառմանն աջակցելու ԵԽ հանձնառությունների ճանապարհին։

Դասընթացը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համաֆինանսավորվող «Գործունեություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մի մասն է և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

 

 

Նմանատիպ գրառումներ