Ներքին գործերի նախարարությունը, ՄԱԶԾ հայաստանյան (Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում) և ՄԱԿ-ի փախստականների գործակալության աջակցությամբ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էր «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների վերաբերյալ իրազեկում լրագրողների շրջանում» թեմայով երկօրյա աշխատաժողով:

Ներկայացվեցին՝

• ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվող անձի հնարավոր իրավական կարգավիճակների և դրանց իրավունքների ծավալները (ապաստան հայցող, փախստական, քաղաքացի և այլն),

• Ժամանակավոր պաշտպանության կարգավորումը,

• Տեղահանության տվյալների շտեմարանները, վիճակագրական ցուցանիշները, միտումները,

• Թեմայի լուսաբանման, ապատեղեկատվության տարածման և այլ հարցեր։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ներկայացնելով թեմայի շուրջ հանրային ընկալումները, նշեց, որ իրազեկվածության ցածր մակարդակը նպաստում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում անորոշության մթնոլորտի ձևավորմանը, ուստի գործընթացներն առավել լայն ու խորքային լուսաբանելու անհրաժեշտություն կա։

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի փորձագետ Սերգեյ Ղազինյանը ներկայացրեց քաղաքացու/փախստականի իրավունքների, ծավալային համեմատությունների վերաբերյալ տվյալներ, անդրադարձավ Կառավարության 1864-Ն որոշմանը և պատասխանելով լրագրողների հարցերին՝ ներկայացրեց փախստականի, քաղաքացու, ապաստան հայցողի, ժամանակավոր պաշտպանություն խնդրող անձի հնարավորությունները, իրավունքներն ու պարտականությունները։

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում կազմակերպվեցին նաև գործնական քննարկումներ, որոնց նպատակը թեմայի շուրջ լրագրողների իրազեկվածությունը գործնականում կիրառելու հնարավորությունների բարձրացումն էր։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շուրջ հարցերը ևս ստացան իրենց պատասխանները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը պատասխանեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերին, ներկայացրեց խնդիրներն ու հնարավորությունները:

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետ Մարինե Անտոնյանն անդրադարձավ աշխարհում և Հայաստանում ժամանակավոր պաշտպանության մեխանիզմների, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի և փախստականի, ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի դերին։

Երկօրյա քննարկումների արդյունքում առաջացած հարցերին պատասխանեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Տեղի ունեցավ թեմայի բազմակողմանի քննարկում, կարծիքների փոխանակում։

Նմանատիպ գրառումներ