Հոկտեմբերի 2-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալը, ԲՊԱՌՆ վարչության, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչը, պատասխանատուներ, «Նաիրիտ 2» ՓԲԸ ներկայացուցիչներ։
Քննարկման օրակարգում առանցքային էին Վարչապետի հանձնարարականով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի ընթացիկ աշխատանքները, որոնք միտված էին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա քիմիական նյութերի կառավարման հնարավոր մեխանիզմների մշակմանը և շահագործման ոչ պիտանի սարքերի վնասազերծմանը:
ՓԾ տնօրենը ողջունելով ներկաներին՝ կարևորել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում գտնվող քիմիական նյութերի անվտանգ կառավարման ուղղությամբ միջգերատեսչական ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել քիմիական նյութերի պահպանման և վերահսկման հարցերին՝ շեշտելով, որ անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ և հետևողական աշխատանք։
Իր խոսքում Կամո Ցուցուլյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման մի շարք հարցերի։
Հանդիպմանը զեկույցներով հանդես են եկել ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ Սնանկության գործերով կառավարիչ Մուրադ Պետրոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մանուկյանը։
Բանախոսներն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ներկայիս իրավիճակին և խնդիրներին, գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի, սարք-սարքավորումների պահպանման, հետագա վնասազերծման, չշահագործվող և կիսաքանդ շենք-շինությունների կառավարման, ռիսկերի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության հարցերին։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել խնդիրների լուծման ուղղությամբ այլ գերատեսչություններում առկա՝ միջազգային կազմակերպությունների հետ ընթացող աշխատանքային գործընթացներին, որոնք նպատակաուղղված են քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ու հնարավոր վտանգների կանխարգելմանը։
Հանդիպումը զուգորդվել է քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկներով։
Քննարկման ավարտին «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության առջև ծագած և անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրների ուղղությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացված զեկույցների վերաբերյալ ձևավորել առաջարկների փաթեթ և ներկայացնել Փոխվարչապետի գրասենյակ՝ հետագա գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։