Արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս։
Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվող քաղաքացիների թիվը հատել է 60 հազարի սահմանը։
Արդեն 60 040 քաղաքացի օգտագործելով թվային լուծումները՝ ակտիվացրել է էլեկտրոնային ծանուցումը և տուգանքի որոշումը կստանա ավտոմատ 20 տոկոսով նվազ։
Հիշեցնենք, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է ծանուցվել էլեկտրոնային փոստի հաստատումով, որպեսզի վճարման ենթակա տուգանքի գումարը ավտոմատ նվազի 20 տոկոսով:
Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը։
Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։
Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլ. փոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլ. փոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։
Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։