Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։
Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Քննարկման սկզբում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է երկխոսության գործընթացը, ակնկալվող գործողությունների ծրագիրը՝ այլ երկրների փորձով, քանի որ ՀՀ-ԵՄ համատեքստում այն դեռևս մշակված չէ։ Այնուհետև անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացի քայլերի հաջորդականությանը, ընթացակարգերին և ժամկետներին։
Քննարկման շրջանակներում կարևորվել է այն, որ հանրային հաղորդակցությունը միգրացիայի կառավարման ոլորտում նոր հնարավորություններին, մարտահրավերներին արձագանքելու առանցքային գործիքներից մեկն է։ Ուստի, առաջիկա տարիներին լրատվամիջոցների աջակցությամբ անհրաժեշտ է նպաստել գրագետ միգրացիոն վարքագծի ձևավորմանը։
Հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները թեմայի համատեքստում հնչեցրել են իրենց հուզող հարցերը և ստացել պատասխաններ։