ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրիին։

Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳՆ ենթակա ծառայությունների գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։
Նախարարը կարևորել է արդյունավետ գործակցությունը հատկապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման, փախստականներին վերաբերող օրենսդրության կատարելագործման, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված և մի շարք այլ ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են նաև միգրացիոն ոլորտի ռազմավարության մշակումը և Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում բարեփոխումների ընթացքը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Համայնքային ոստիկանության բարեփոխումների և ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատության ձևավորման և զարգացման գործընթացներին՝ տրամադրելով տեխնիկական և փորձագիտական օժանդակություն։
Կողմերը բարձր են գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակության հարցում ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ գրառումներ