Հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անցկացվել են վերապատրաստման երկփուլ դասընթացներ։
Դասընթացները տևել են 5 օր և ուղղված էին կամավոր կարողությունների միջոցով ՀՀ մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։ Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող (VOLFIRE) ծրագիրը հսկայածավալ աշխատանք է կատարում ՀՀ-ում կամավորական փրկարարական շարժման զարգացման ուղղությամբ՝ առաջարկելով գործիքներ, փոխանցելով համապատասխան ռեսուրսներ, առաջարկություններ և լավագույն փորձի օրինակներ, ինչը խթանում է արտակարգ իրավիճակներում կամավորների՝ առաջին արձագանքման պատրաստակամության բարձրացմանը։
Վերապատրաստման դասընթացներն անցկացվել են Լուսակերտի ուսումնական բազայում: Ծրագրի հիմքում 8 գործող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կարողությունների զարգացումն է, ինչպես նաև 4 նոր ջոկատների ստեղծումը, անգարների ու հնամաշ ավտոբաքերի վերանորոգումը, հրշեջ-փրկարարական ջոկատներին անհրաժեշտ հրշեջ-փրկարարական գույքով վերազինումը։
Վերապատրաստման մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչ և (VolFire) ծրագրի համակարգող Թիերի Ժիրարդը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսեսյանը և Ավստրիական զարգացման գործակալության՝ Հայաստանում տեխնիկական համագործակցության համակարգող Կլաուս Կապպերը։ Ծրագրի բացմանը ներկա էր նաև Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (EU DG ECHO) փորձագետ Նիկոլաս Լուիսը։
Դասընթացների ընթացքում ֆրանսիացի մասնագետները ներկայացրել են իրենց փորձը, հրդեհաշիջման տեխնիկաների հնարավորությունները և պատասխանել մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Կամավորները ծանոթացել են նաև գործնական մոդուլներին՝ արդեն վարժանքների և տակտիկական պարապմունքների տեսքով։
Աշխատելով հայ կամավորների հետ և ծանոթանալով նրանց գործնական հմտություններին՝ ֆրանսիացի փորձագետ Բերնարդ Ժանինը ընդգծել է. «Վերապատրաստմանն ընդգրկված են տարբեր շրջաններից խմբեր և նոր կամավորներ, որոնք առաջին անգամ էին ծանոթանում ոլորտին։ Մենք զարմացած ենք նրանց վարքագծով, բոլորը շատ դինամիկ են, էներգիայով լի և օպերատիվ»։
Դասընթացի ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում, ինչպես նաև վերապատրաստման մասնակիցների հավաստագրում։
Դասընթացները լինելու են շարունակական՝ նպաստելով ՀՀ բոլոր մարզերում արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ինստիտուտի զարգացմանը։