Հանրության համար տեղեկատվության հասանելիությունը առաջնահերթություն համարելով՝ Ներքին գործերի նախարարության կայքէջում կատարվել են փոփոխություններ: «Ծառայություններ» բաժնի Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ենթաբաժինները թարմացվել են: Դրանց փոխարինել են թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթաբաժինները:
ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը նշում է. «Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում ավելացվել է «Ծառայություններ» նոր բաժինը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին նշել իրենց անհրաժեշտ ծառայությունը, ներբեռնել նկարագիրը՝ ստանալով լիարժեք տեղեկատվություն տվյալ ծառայության վերաբերյալ»:
Եվ այսպես, եթե անձը, օրինակ, ցանկանում է ծանոթանալ ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման կարգին, պետք է մուտք գործի ՆԳՆ կայքէջ, ապա՝ «Ծառայություններ» բաժնից ընտրի «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» ենթաբաժինը, բացված պատուհանից ընտրի «ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը»: Ներբեռնելով այն՝ քաղաքացին ստանում է թեմային առնչվող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք դասավորված են ըստ բաժինների, որտեղ ներառված է նաև այն փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացնի անձը տվյալ ծառայությունը ստանալու համար:
Խաչատուր Իգիթյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել ծառայություն մատուցող ստորաբաժանումներ կրկնակի այցերից, ինչպես նաև խնայել ժամանակը:
Քաղաքացիները ծառայությունների մատուցման հետ կապված հրատապ խնդիրների առկայության դեպքում կարող են կապ հաստատել Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության հետ 011-21-21-02 հեռախոսահամարով: