Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) TOPCOP ծրագրի հետ համատեղ ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվել էր 5-օրյա դասընթաց, որի նպատակը իրավապահ համակարգում ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման համար մասնագետների վերապատրաստումն է։
Բանախոսները ոստիկանության բնագավառում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ են Ավստրիայից, Գերմանիայից և Սլովենիայից։
Հայաստանում TOPCOP ծրագրի կարողությունների և վերլուծության գծով ազգային համակարգող Կարինե Սաֆարյանի խոսքով՝ «Միջոցառման շահառու են ոչ միայն Ոստիկանության զորքերի ծառայողները, այլև Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները, որոնք գործի բերումով նաև քննում են ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Ներգրավված են կրթահամալիրի դասախոսները, ինչը կրկնակի արդյունավետ է այն առումով, որ իրենց գիտելիքներն աշխատանքի ընթացքում կարող են փոխանցել մյուս ծառայակիցներին»։
Մասնակիցները ինտերակտիվ խաղերի և վարժությունների միջոցով ամրապնդել են բարձր ռիսկային իրավիճակներում ուժի կիրառման, դրա կիրառումը կարգավորող իրավական դաշտի, համաչափության անհրաժեշտության վերաբերյալ գիտելիքները։
«Ես Ոստիկանության ավագ սպա եմ՝ 41 տարվա փորձով։ Վերջին 20 տարիներին ոստիկանների կրթությամբ եմ զբաղվում, ունեմ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերապատրաստման դասընթացներ անցկացնելու փորձառություն։ Ես կիսվում եմ իմ փորձով , օրինակ, ինչպես օրենքը բերել գործնական դաշտ։ Ինձ ոգևորում է այն փաստը, որ մասնակիցները ցանկանում են լսել նոր փորձառության մասին, որ իրենց հետաքրքիր է»,-նշել է ավստրիացի փորձագետ Գերհարդ Հաբերլերը։
Ծրագրի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը Եվրոպական միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդրու Նիկուլիտան և ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։
ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի խոսքով՝ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ոստիկանության գվարդիայի ծառայողներից բացի նաև համայնքային ոստիկանների վերապատարաստման մասով գործընթացի նոր ծրագրերի ուղղությամբ»։
Դասընթացին հաջորդելու են վերապատրաստված անձնակազմի ներգրավմամբ ամբողջ ոստիկանական համակարգում շարունակական վերապատրաստումները։