2023 թ. դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում ծառայություն իրականացնելու նպատակով ստեղծվեց Ջրային պարեկային ծառայությունը: Նորաստեղծ ծառայությունը մշտադիտարկելու էր իրավիճակը Սևանա լճի և ափամերձ գոտիների տարածքում՝ արագ արձագանքելով ցանկացած հնարավոր վտանգի, կանխարգելելով իրավախախտումները, աջակցելով լճի էկոհամակարգի պահպանմանը:
Պարեկային ծառայության նոր ստորաբաժանումը ստեղծման առաջին իսկ օրվանից գրանցեց դրական արդյունքներ՝ Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացնելով հասարակական կարգի ապահովման և հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։
Մասնավորապես, լողասեզոնի ընթացքում ուժեղացված ծառայություն են իրականացրել լճում և ափամերձ տարածքում՝ առավել անվտանգ դարձնելով մեր հայրենակիցների և հյուրերի հանգստի կազմակերպումը: Պահպանվել է հասարակական կարգը, լճում օգնություն է ցուցաբերվել քաղաքացիներին:
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը ջրային պարեկները, համագործակցելով մարզի պարեկային ծառայության ու համայնքային ոստիկանության գործընկերների, ինչպես նաև Սևան ազգային պարկի ծառայողների հետ, իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ:
Ջրային պարեկները ստորաբաժանման ստեղծման օրվանից ապօրինի ձկնորսության բացահայտման դեպքերով հայտնաբերել են ապօրինի որսած մոտ 1030 կգ ձուկ:
2024 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ջրային պարեկները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կազմել են 9518 վարչական արձանագրություն: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու՝ 289, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 477, չամրակապված վարելու՝ 2513, թաղանթապատված կողային ապակիներով և արտաքին լուսային անսարքությամբ վարելու՝ 498, առանց տեխնիկական զննության վարելու՝ 2082, վարելիս ծխախոտ օգտագործելու և հեռախոսից օգտվելու՝ 789 դեպք: Բացահայտել են նաև բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատման, զենք-զինամթերք ապօրինի պահելու և այլ դեպքեր:
ՆԳ նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիներին լինել առավել պատասխանատու, խուսափել իրավախախտումներից, հակահասարակական արարքներից:
Իսկ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի ծառայողները հետևողականորեն շարունակելու են ամենօրյա ծառայությունը: