Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում մայիսի 1-ից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Այն նպատակ ունի խթանելու թվային համակարգերի կիրառումը, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։
Խրախուսական այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը էլեկտրոնային փոստով՝ արդեն 20 տոկոս նվազ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 76003 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 120 764 որոշում։
Բացի այդ, եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։
Բոնուսային այս նորմից օգտվել է 337 744 վարորդ, կայացվել է 907 936 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 5 միլիարդ դրամ։
Ի դեպ, միայն 2024 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 6-ը տեսալուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ որոշումներով պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 9 միլիարդ 993 միլիոն դրամ։ 2021 թվականին որոշումների հիման վրա պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 10 միլիարդ 715 միլիոն դրամ, 2022-ին՝ ավելի քան 10 միլիարդ 171 միլիոն դրամ, 2023-ին՝ ավելի քան 11 միլիարդ 577 միլիոն դրամ։
Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործեք թվային լուծումները՝ տուգանքները նվազ վճարելու, անհարկի միջնորդություններից խուսափելու համար։