ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000 թ․ հաստատել է Միգրանտների միջազգային օրը՝ որոշելով այն նշել յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին:
Միգրացիան բնականոն երևույթ է, որը վերագրվում է մարդկային պատմության ամենավաղ ժամանակներին։ Միգրացիա է և՛ բնակավայրից հեռանալու երևույթը (էմիգրացիա՝ արտագաղթ), և՛ եկողների հոսքը (իմիգրացիա՝ ներգաղթ)։ Հետևաբար, միգրանտը և՛ արտագաղթողն է, և՛ ներգաղթողը։
Գլոբալ սոցիալ-տնտեսական վերափոխումներով պայմանավորված մարդկային տեղաշարժերի և որպես հետևանք ժողովրդագրական փոփոխությունների համատեքստում միգրացիան օգնում է հասկանալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների միտումները։
Միգրացիայի տեմպերը գլոբալիզացիայի դարաշրջանում աճում են շատ արագ։ Համաձայն «Համաշխարհային միգրացիոն զեկույց 2024»-ի՝ աշխարհում կա մոտ 281 միլիոն միջազգային միգրանտ, ինչը կազմում է աշխարհի բնակչության մոտ 3,6%-ը։ Այս թիվը 128 միլիոնով ավել է 1990 թվականի ցուցանիշից։ Ըստ այդմ՝ աշխարհի 30 բնակիչներից մեկը միգրանտ է։
Միգրանտների զանգվածը բազմաշերտ է և ներառում է անհատներ, ովքեր տեղափոխվում են իրենց ծագման երկրներից տարբեր պատճառներով, այդ թվում՝ աշխատանքի, կրթության, ընտանիքի հետ վերամիավորման և այլ նպատակներով: Այս տեղաշարժերն ընդգծում են միգրացիայի աճող կարևորությունը գլոբալ զարգացման մեջ, որտեղ միգրանտները զգալիորեն նպաստում են մասնագիտական և մշակութային փոխանակմանը, ինչպես նաև միջազգային նոր հարաբերությունների ձևավորմանը։
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը ծագման երկրից դարձել է միգրանտներ ընդունող երկիր․ ըստ սահմանահատումների վիճակագրության՝ 2021 թվականից ի վեր օտարերկրացիների ելքերի և մուտքերի տարբերության ցուցանիշը հիմնականում դրական է եղել։