2000-ականների սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց Միգրանտների միջազգային օրը՝ որոշելով այն նշել յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին: Արդեն 14-րդ անգամ տեղի է ունենում «Ճամպրուկ» լրագրողական ամենամյա մրցույթը՝ վերջին տարիներին հենց այդ օրը: Այն նպատակ ունի խրախուսել որակյալ մեդիաբովանդակության ստեղծումը և տարածումը միգրացիոն ոլորտի գործընթացների լուսաբանման ժամանակ։
Չխախտելով ավանդույթները՝ այս տարի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը, խրախուսելով միգրացիոն գործընթացների վերաբերյալ լավագույն փորձը, կազմակերպեցին «Ճամպրուկ» լրագրողական մրցույթը, իսկ մրցույթի հաղթողներին տրվեցին համապատասխան մրցանակներ:
Մրցանակաբաշխության միջոցառմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, կազմակերպիչ կողմերից ներկայացուցիչներ և լրագրողներ։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն հայտնելով մրցույթին մասնակից լրագրողներին՝ նշել է, որ միջոցառման համատեքստում կարելի է առանձնացնել երկու հիմնական խրախուսական ասպեկտ. առաջինը՝ ինտիտուցիոնալությունն է, թե ինչպես է պետությունը հարաբերվում միգրացիոն երևույթների հետ իսկ երկրորդը, ըստ Արմեն Ղազարյանի՝ «հայացքն է, որը մեզ՝ որպես պետական չինովնիկների, պետական աշխատանքում պակասում է. դա մարդու հայացքն է, այսինքն՝ ինչպես է մարդը տեսնում միգրացիոն գործընթացները, ինչպիսի ազդեցություններ են ունենում միգրացիոն գործընթացները կոնկրետ մարդու վրա»։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում կարևորել է քաղաքացիական հասարակության և պետության միջև կապի ամրապնդումը և գոհունակությամբ նշել, որ այն գնալով ավելի է ամրապնդվում:
«Ճամպրուկ 2024» լրագրողական մրցույթին այս տարի ներկայացվել էր հրապարակված մոտ 100 նյութ՝ 49 հեղինակների կողմից՝ 30 տարբեր լրատվամիջոցներից` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, աշխատանքային միգրացիայի, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի, փախստականների, ինտեգրման և միգրացիոն գործընթացների մասին։
Գլխավոր մրցանակին է արժանացել EVN Report լրատվականի լրագրող Արշալույս Բարսեղյանը՝ «Հանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում» նյութով։ Երկրորդ տեղի համար մրցանակի է արժանացել Արաքս Մամուլյանը՝ «Փախստականի կարգավիճակը Եվրոպայում ապաստանի հի՞մք է․ ինչ միֆեր են տարածված արցախցիների շրջանում» նյութի համար, իսկ երրորդ տեղն են զբաղեցրել լրագրողներ Արմեն Ղազարյանը, Լենա Սահակյանը և Սեդա Գրիգորյանը՝ «Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն» նյութի և Թագուհի Մելքոնյանը՝ «Հնդիկ միգրանտների արյունը Հայաստանում մարդկանց կյանքեր է փրկում. միգրացիայի թաքնված և տեսանելի կողմերը՝ փաստերով» հոդվածի համար։
Ներկայացված աշխատանքների գնահատման արդյունքում ևս 6 նյութ արժանացել է խրախուսական մրցանակների՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության, «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից։
Ամփոփելով միջոցառումը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը բարձր է գնահատել զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունն ու հանրային ընկալումների ձևավորման հարցում մեդիայի դերը: «Առհասարակ, կարծես թե ավանդույթ դարձած, որոշակի լրատվամիջոցների կայուն թիմ կա, որոնք մեզ հետ աշխատում են և այսպիսի որակյալ արդյունք են տալիս: Հասկանում ենք և հավուր պատշաճի գնահատում մեր համագործակցությունը և որակյալ մեդիաբովանդակություն գեներացնելու կարևորությունը»,-նշել է Նելլի Դավթյանը:
Ակնկալվում է, որ մեդիայի հետ համագործակցությունը առաջիկա տարիներին կհանգեցնի միգրացիոն վարքագծի փոփոխությունների, ինչը ենթադրում է ավելի խոր և բովանդակային քայլերի իրականացում։
Մրցույթն իրականացվել է Եվրոպական միության միգրացիոն գործընկերության գործիքի միջոցով ֆինանսավորվող միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համաֆինանսավորմամբ: