Դեկտեմբերի 17-18-ը Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպել էր վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակը հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովումն էր: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած լրագրողների անվտանգության արշավի շրջանակում։

Վերապատրաստման դասընթացի բանախոսներն էին Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և լրատվամիջոցների իրավունքի գծով խորհրդատու Փիթեր Նուրլենդերը, միջազգային փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն իր խոսքում ընդգծել է նմանատիպ վերապատրաստումների անհրաժեշտությունը, քանի որ թե՛ ոստիկանները, թե՛ լրագրողները հաճախ առնչվում են այնպիսի դեպքերի, որոնք խնդրահարույց իրավիճակներ են ստեղծում նրանց համար։

Բանախոսներն անդրադարձել են մի շարք թեմաների, մասնավորապես՝ ժողովրդավարական հասարակությունում եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատության դերը, լրագրողների պաշտպանության շրջանակում ՀՀ օրենսդրությունը և այլն։

Տեղի է ունեցել ակտիվ քննարկում, որի ընթացքում բանախոսները և դասընթացի մասնակիցները ներկայացրել են տեղական ու միջազգային փորձը։

Միջազգային փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ «Դասընթացն արդյունավետ է անցնում, որովհետև բախվում են տարբեր մտքեր։ Լրագրողների և ոստիկանների շփումները, անհամաձայնությունները, տեսակետների տարբերությունը ողջունելի է, քանի որ այն կարող է ուղղումներ մտցնել և՛ լրագրողների, և՛ ոստիկանության ծառայողների աշխատանքում»։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և լրատվամիջոցների իրավունքի գծով խորհրդատու Փիթեր Նուրլենդերի խոսքով՝ վերապատրաստման երկօրյա դասընթացը երկխոսության կարևոր քայլերից է․ «Այս դասընթացը կարևոր է, քանի որ լրագրողներին և ոստիկանության ծառայողներին երկխոսելու հնարավորություն է տալիս։ Հնարավորություն է տալիս նաև զարգացնելու ոստիկանության ըմբռնումը այն դժվարությունների մասին, որոնց բախվում են լրագրողները, ինչպես նաև լրագրողին՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը»։

Այսպիսով, նմանատիպ դասընթացները կարևոր քայլ են լրագրողների ու ոստիկանների միջև ավելի սերտ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչը նպաստում է երկուստեք համախմբված և անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծմանը։

Նմանատիպ գրառումներ