Դեկտեմբերի 20-ին ՆԳ նախարարության հայտարարած մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների, լրատվական նյութերի բաց մրցույթի մրցանակների հանձնման արարողությունն էր։ Ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, նախարարության ներկայացուցիչներ, մրցութային հանձնաժողովի անդամներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ։
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է մրցույթի թեմաների ընտրության կարևորությունն ու դրանք անհատական մակարդակում նոր տեսանկյունից բարձրաձայնելու նշանակությունը։ Նախարարի խոսքով՝ մասնակիցների կառուցողական մոտեցումը, թիրախային թեմաների դիտարկումն ու առաջարկվող լուծումները կնպաստեն ընկալումների դաշտի փոփոխություններին։
«Այս մրցույթը հատկապես մեզ համար միջոց է նորից բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, նորից անդրադառնալու այնպիսի թեմաների, որոնք հասարակության կյանքում տեղ ու դեր ունեն»,-նշել է ՆԳ նախարարը:
Ողջունելով ոլորտային մասնագետների նոր խոսքն ու մոտեցումները՝ նախարարը նշել է, որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել խնդիրները և տեղեկատվությունը մատուցել նորովի։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին՝ բովանդակային համագործակցության և նախարարության նախաձեռնությունները կիսելու համար։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է մանրամասներ աշխատանքների գնահատման չափորոշիչների և մրցութային հանձնաժողովի կողմից արդյունքների ամփոփման մասին։ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այս մրցույթի նպատակը ոլորտային հիմնական ուղերձների հասցեական շեշտադրումն էր ու ՆԳՆ-հասարակություն հաշվետվողական համագործակցության ապահովումը։
Մրցույթի թեմաները երեքն էին, յուրաքանչյուր կարգում՝ երեք մրցանակակիրներ։ ՆԳ նախարարը անձամբ է հաղթողներին հանձնել մրցանակներ, իսկ մյուս մասնակիցներին տրվել են շնորհակալագրեր։
«Կանայք ոստիկանությունում. մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ» թեմայով 3-րդ և 2-րդ տեղերը զբաղեցրել են Abnews-ի լրագրող Գայանե Անտինյանի և «Հայկական ժամանակ» կայքի լրագրող Հերմինե Կարապետյանի ներկայացրած աշխատանքները, իսկ 1-ին պատվավոր տեղում էր «Ֆակտոր թիվիի» լրագրող Արփի Հակոբյանի աշխատանքը։
«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ» թեմայով հաղթող է ճանաչվել «Ազգ» լրատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը, նրան հաջորդել են «Հրապարակ» լրատվական կայքի լրագրող Լիա Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիանա Խաչատուրյանը։
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում» թեմայով հաղթող է ճանաչվել «Ֆակտոր թիվիի» լրագրող Լիլիթ Ավագյանի վերլուծական ֆիլմը, որի հիմնական ուղերձը երիտասարդների շրջանում թմրանյութերի շրջանառման կանխարգելումն էր։ 2-րդ և 3-րդ տեղերում Հանրային հեռուստաընկերության լրագրող Տաթևիկ Աբրահամյանի ու Հանրային ռադիոյի Լոռու մարզային թղթակից Լուսինե Սարգսյանի լրատվական նյութերն էին։
Միջոցառման ընթացքում հնչել են շնորհակալական խոսքեր լրագրողի աշխատանքը արժևորելու համար՝ կարևորելով ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը և նմանօրինակ նախաձեռնությունների շարունակականությունը։