Սա սովորական մարզում չէ։ Համայնքային ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները զարգացնում են գիտելիքները՝ փոփոխություններին ընդառաջ։
Հայաստանում դեռևս չի եղել իրավապահների կողմից ուժային միջոցի գործադրման որևէ ստանդարտ։
Այս տարի ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթ, որով կներդրվի ուժի կիրառման հստակ ստանդարտ։ Ստանդարտի ուժի մեջ մտնելուն ընդառաջ ՆԳՆ սկսել է վերապատրաստումներ իրականացնել և կատարելագործվում են ծառայողների մասնագիտական հմտությունները։
ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել «Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը» խորագրով եռօրյա դասընթաց։
Երկու մասից բաղկացած դասընթացի տեսական հատվածում մասնակիցներն ուսումնասիրել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ իրավական փաստաթղթեր։ Նրանք քննարկել են նաև ծառայության ընթացքում ծագած խնդիրներ և խնդրահարույց իրավիճակներ։
«Իրենք պետք է թարմացնեն իրենց գիտելիքները ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման դեպքերի, իրավիճակների վերաբերյալ , – ներկայացնում է ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի պետ Արթուր Հակոբյանը, – նաև հասկանան դրանց գործադրման հիմքերը, պայմանները, սահմանները և, դրանից բացի, կատարելագործեն իրենց հմտությունները»։
Տեսական փուլն անցնելուց հետո արդեն գործելու ժամանակն է։
Դասընթացը մայրաքաղաքում ավարտելուց հետո կրթահամալիրի դասախոսներն ուղևորվեցին Կոտայքի մարզ։ Վերապատրաստման հերթը Կոտայքի մարզի ոստիկաններինն է: Դրանից հետո դասընթացներ կանցկացվեն նաև Արմավիրի մարզում։
Սա պիլոտային ծրագիր է: Ուժի կիրառման ստանդարտն ուժի մեջ կմտնի 2025 թ. նոյեմբերից, և այժմ հետևողականորեն իրականացվում են վերապատրաստումներ, որպեսզի մինչև ստանդարտի ներդրումը համակարգի բոլոր ծառայողները լինեն լիարժեք պատրաստ։

 

Նմանատիպ գրառումներ