Հունվարի 16-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը: Նա ներկայացրել է նախարարության և ենթակա ծառայությունների 2024 թվականին կատարած աշխատանքները, բարեփոխումների շնորհիվ արձանագրված արդյունքները, նաև՝ պատասխանել լրագրողների հարցերին։
Նախքան ասուլիսը լրագրողները հնարավորություն են ունեցել շրջելու տարածքում, ծանոթանալու նորակառույց վարչական համալիրի շենքային պայմաններին ու նյութատեխնիկական հագեցվածությանը։

ՆԳ նախարարի «ելույթն» ամբողջությամբ՝ ստորև։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

ՆԳՆ ձևավորմամբ մեկնարկած բարեփոխումների գործընթացը շարունակվել է 2024թ-ին և մտել է անկասելի ընթացքի փուլ։ 2025թ-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատի ներքո դիմակայուն ինստիտուտների ձևավորման ուղղությամբ։ Այս ինստիտուտները պետք է գործեն բարձր պրոֆեսինալիզմի ստանդարտներով՝ նպատակ ունենալով լավագույն ծառայությունները մատուցելու մեր քաղաքացիներին և ապահովել ներքին անվտանգային միջավայրը։

Ի դեպ, ասուլիսի վայրի՝ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նոր վարչական համալիրի ընտրությունը խորհրդանշական է՝ հաշվի առնելով այն ժամանակակից ստանդարտները, որոնք այստեղ ապահովել ենք մեր ծառայողների համար՝ երաշխավորելով բարձր պրոֆեսիոնալիզին անհրաժեշտ նախադրյալներ։

Փաստեմ, որ 2024թ-ը լի էր մարտահրավերներով, սակայն չնայած դրան ավարտին են հասցվել մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնցից հատկանշական է  Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման աշխատանքների ավարտը։  Այսինքն՝ ամբողջապես ձևավորվել է ժողովրդավարական նոր ինստիտուտ՝ այդպիսով երաշխավորելով բարձր հաշվետվողականություն խորհրդարանի, և դրանով իսկ նաև ժողովրդի հանդեպ։ Մեր դրած հավակնոտ նպատակներին հասնելն անհնարին կլինի առանց պրոֆեսիոնալ մարդկային ներուժի, որի ձևավորմանն ու զարգացմանն է ուղղված նաև ՆԳՆ մեկ-միասնական կրթահամալիրի ստեղծման աշխատանքները։ 2024թ-ին դրվել են այդ աշխատանքների օրենսդրական հիմքերը։

Մասշտաբային բարեփոխումներին, որոնց մանրամասները այսօր կներկայացնեմ, գործուն օժանդակություն են ցուցաբերել նաև մեր միջազգային գործընկերները։ Միջազգային համագործակցության ոլորտում մեր ջանքերի կարևոր գնահատական է նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը։ 2024թ-ին տվեցինք նաև երկխոսության գործնական փուլի մեկնարկը և ակնկալում ենք, որ այս տարվա ընթացքում կունենանք կոնկետ գործողությունների ծրագիրը, որը միգրացիայի կառավարման, հանրային ծառայությունների մատուցման, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանրային անվտանգության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ է։ Գործընթացի բովանդակային առաջնորդությունն իրականացնելու է Ներքին գործերի նախարարությունը։ Միջազգային գործընկերության համատեքստում բավականին լայն համագործակցություն ունենք նաև ԱՄՆ գործընկերների հետ, ովքեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Այս մասին շեշտադրում է կատարվել նաև երկու օր առաջ Վաշինգտոնում ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ։

Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով հանրային անվտանգության ապահովման գործառույթին՝ ներկայացնեմ Ներքին գործերի նախարարության 2024 թվականի գործունեության արդյունքները։

2024 թվականին, ի լրումն Պարեկային ծառայության, ձևավորվել են ոստիկանության 4 հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ քրեական և համայնքային ոստիկանությունները։

Նոր քրեական ոստիկանությունը հանդիսանում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի արհեստավարժ և մասնագիտացված ստորաբաժանում, որի խնդիրների տիրույթում են նաև ոլորտային մի շարք հանցատեսակների դեմ պայքարի աշխատանքների համակարգումն ու կազմակերպված, այդ թվում՝ անդրազգային հանցավորությանը հակազդելը։

Ոստիկանության նոր կառուցվածքային մոդելի տրամաբանության մեջ, Համայնքային ոստիկանությանը, բացի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների բացահայտումից ու ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման աշխատանքների իրականացումից, վերապահված է նաև հանրության հետ ակտիվ հաղորդակցության միջոցով համայնքին հուզող հարցերի արձագանքման և հասցեագրման, հանցավորություն ծնող պայմանների և պատճառները վերհանման ու վերացման, այդպիսով նաև՝ ընդհանուր հանցավորության կանխարգելման դերակատարություն։ Սա է մեր բանաձևը՝ ունենալ մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնց նոր կառուցվածքը առավելագույնս նպաստում է գործառույթի արդյունավետ իրականացմանը։

Պարեկային ծառայությունը շարունակել է ապահովել արտաքին ծառայությունն իր նոր ու ժամանակակից մոդելով։ Ծառայությունը շարունակում է տպավորիչ արդյունքներ գրանցել ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաև հատկապես հասարակական վայրերում կատարվող հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ։ 2024 թվականի ընթացքում պարեկային ծառայողների կողմից կամ մասնակցությամբ բացահայտվել է ընդհանուր 3․691 հանցագործության դեպք։ Ինչպես գիտեք, 2023 թվականի վերջին ձևավորվել է նաև Ջրային պարեկային  ծառայությունը, որի աշխատանքի շնորհիվ  այս տարի  ունեցել ենք վերահսկելի հասարակական կարգ Սևանա լճի հանրային լողափներում և ափամերձ հատվածներում, ինչպես նաև հակազդել ենք ձկնագողությանը։ 2024 թվականին այս ծառայության կողմից հայտնաբերվել է արգելված ժամանակահատվածում և առանց թույլտվության ապօրինի ձկնորսություն 15 դեպք, առգրավվել է շուրջ  1 տոննա ապօրինի որսված ձուկ։

Այսինքն՝ 3 հենասյունային ուղղությունները ինստիտուցիոնալ առումով առկա են, ուստի մեր ջանքը պետք է ուղղենք դրանց կայացմանն ու զարգացմանը։ Վերջին՝ 4-րդ հենասյունային ուղղության ապահովումը գործնական փուլ է մտել։ Այս առումով հարկ է նշել, որ պրակտիկայում դեռևս ունենք ինչպես հանրության հետ հաղորդակցման, այնպես էլ ծառայությունների ներքին համագործակցության հետ կապված խնդիրներ, որոնք հընթացս լուծվում են։ 2024թ․ վերջին ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի» մասին օրենքը, որով 2025թ․ նոյեմբերի 1-ից կունենանք ամբողջությամբ ձևավորված, հատուկ պատրաստականություն անցած ծառայողներով համալրված` հասարակական կարգի պահպանության մասնագիտացված ծառայություն, որը պատասխանատու է լինելու հատկապես հավաքների սպասարկման համար՝ երաշխավորելով խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացումը։ Ծառայությունը պատրաստ կլինի նաև կասեցնել երկրի ներքին անվտանգության խաթարմանն ուղղված ցանկացած փորձ՝ չեզոքացնելով հասարակական անվտանգությանն ուղղված բոլոր սպառնալիքները։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանրապետությունում առաջին անգամ ներդրվում է ուժային միջոցի գործադրման ստանդարտը։ Ըստ էության, ոստիկանությունը բավականին մեծ ու բազմամարդ անձնակազմ ունեցող կառույց է, և այս տեսանկյունից միասնական ստանդարտների ձևավորման ու հատկապես կիրառման ապահովումը բարդ գործընթաց է, սակայն մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը և առաջիկա տարում մեր ջանքերն ուղղելու ենք դրա պատշաճ կենսագործմանը։

Մեր ծառայությունների կայացման գործում օգտակարության մեծ գործակից են ապահովում նաև կանայք, որոնց ներգրավման ուղղությամբ շարունակական ջանքեր ենք գործադրում։ Ներկայում ունենք հայտարարված ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացված են կին դիմորդներին։ Օգտվելով հնարավորությունից՝ կոչ եմ անում կանանց և աղջիկներին մասնակցելու այս ընդունելությանը։

 2024 թվականին գրանցված հանցագործությունները  նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1%-ով

Ինստիտուցիոնալ և երկարաժամկետ լուծումներին զուգահեռ կենտրոնացել ենք նաև պրոֆիլակտիկ և ուժեղացված ծառայությունների վրա, մեթոդաբանական որոշ փոփոխություններ ենք փորձարկել առանձին հանցատեսակների (օրինակ՝ գողությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության) մասով, ինչի արդյունքում 2024 թվականին գրանցված հանցագործությունները  նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1%-ով կամ 434-ով՝ կազմելով 40․232 դեպք (2023թ․՝ 40.666)։ Այսինքն՝ 2024 թվականին հանցագործությունների թվի նվազում ունենք, ինչը հետևողական աշխատանքի արդյունք է։

Պիտի նաև նկատենք, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում գրանցված դեպքերի գերակշիռ մասը՝ 81,4%-ը կազմել են ոչ մեծ  (20․361 դեպք կամ 51,0%) և միջին ծանրության (12․253 դեպք կամ 30,4%-ը) հանցագործությունները։ Հայաստանի Հանրապետության դեպքում այս կառուցվածքն օրինաչափություն ունի, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հեղինակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները։

Տարբեր դրվագներով մենք նաև արձանագրում ենք, որ հանցանքի կատարման ավանդական ձևերը տրանսֆորմացվել են ավելի ժամանակակից ձևերի՝ օգտագործելով համացանցային կամ ՏՏ ոլորտի նվաճումները։ Մեր խնդիրն է հետևողականորեն մի կողմից շարունակել ուժեղացնել ոստիկանության գործիքակազմը, մյուս կողմից բերել հանրության մոտ վարքագծային փոփոխություն, որն իհարկե շատ բարդ աշխատանք է, բայցև հետողականության դեպքում քայլ առ քայլ հնարավոր է արդյունքներ գրանցել։

Ըստ օպերատիվ ամփոփագրերի՝  նույն ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1․579 միավոր հրազեն, ինչը 152-ով կամ 10,7%-ով ավել է նախորդ տարվա համեմատ (1.427-1․579)։ Այդուհանդերձ, զենքի գործադրմամբ կատարվող հանցագործությունները շարունակում են մնալ մտահոգիչ   (կրակոցներ, հրազենի, դանակի գործադրում և այլն) և այս մասով Վարչապետի հանձնարարականով արդեն իսկ կոնկրետ լուծումներ ենք մշակել։

Հանցավորության դեմ պայքարում, ընթացիկ մեթոդական լուծումներից բացի, ռազմավարական մակարդակում  նախաձեռնվել է նաև ընդհանուր հանցագործությունների կանխարգելման գործընթաց։

2024 թվականին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ՃՏՊ-ների նվազում՝ 299-ով, զոհերի՝ 45-ով և վիրավորների՝ 421-ով

 Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, նշեմ, որ 2024 թվականին մեզ հաջողվել է էականորեն կրճատել ինչպես դրանց, այնպես էլ ՃՏՊ-ների արդյունքում զոհերի և վիրավորների թիվը։

Հաշվետու ժամանակահատվածում, արձանագրվել է ՃՏՊ-ների նվազում 299-ով (4.613-4.314), զոհերի՝ 45-ով (378-333) և վիրավորների՝ 421-ով (6.537-6.116):

Առհասարակ, վերլուծելով նախկին տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների տարեցտարի զգալի աճը:

Բայց անգամ այս համատեքստում, 2024 թվականին՝ շուրջ 964․000 տրանսպորտային միջոցի պարագայում, ՃՏՊ-ների հետևանքով ունեցել ենք 13-ով ավելի քիչ զոհ, քան 2015 թվականին, երբ տրանսպորտային միջոցների քանակը եղել է շուրջ 560․000 (346-ից 333)։

Այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նման պատկերի ձևավորումը գլխավորապես պայմանավորված է եղել 2024 թվականից հանրապետության ողջ տարածքում Պարեկային ծառայության լիարժեք գործարկմամբ, և մեր խնդիրն է շարունակելու մնալ հանրության շրջանում վարքագծային փոփոխություն բերել, անվտանգ վարքագիծը մշակույթ դարձնելը։

 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները վերջին 3 տարիների ընթացքում եռապատկվել են՝ տարեկան կտրվածքով անցնելով 20.000-ը

Բարեփոխումների համատեքստում ՆԳՆ-ն առանցքային է համարում հանրությանը քաղաքացիակենտրոն բարձրորակ և հնարավորինս թվային միջավայրում ծառայությունների մատուցումը,ինչի ուղղությամբ մի շարք քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց նաև կարևոր ծրագրեր են մշակվել ընթացիկ տարվա անելիքների համատեքստում:

Ինստիտուցիոնալ առումով 2024թ-ին ավարտին է հասցվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, իսկ հաշվառման-քննական ծառայությունների գործառույթները, հաշվի առնելով իրենց քաղաքացիական բնույթը, տեղափոխվել են նախարարության տիրույթ։ Հանրային ծառայությունների պահանջարկի նշանակալի աճ ենք գրանցել տարբեր ուղղություններով ինչպես օրինակ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների մասով, որոնք վերջին 3 տարիների ընթացքում եռապատկվել են՝ տարեկան կտրվածքով անցնելով 20.000-ը։ Այս իմաստով քայլեր ենք ձեռնարկել ինչպես հերթը կրճատելու, այնպես էլ գործընթացը թվայնացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, բարեփոխումներն իրականացվել են բարդ, իսկ որոշ դեպքերում նաև ճգնաժամային իրավիճակների կառավարմանը զուգահեռ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետ կապված։

Ծառայությունների ծավալների էական աճը պայմանավորված է ինչպես նկարագրված իրավիճակով, այնպես էլ ավիացիոն շուկայում տեղի ունեցած փոփոխություններով, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն առավել մոբիլ են դարձել՝ առաջացնելով տարածքային մարմինների գերբեռնվածություն։ Այս խնդիրների հասցեագրման համար բարելավել ենք հերթագրման համակարգերը ինչպես անձնագրային ծառայությունների, այնպես էլ հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող ծառայությունների մասով՝ հարմարացվելով քաղաքացիների կարիքներին և հասցեագրելով նախորդ տարիներին բարձրաձայնված դժգոհությունները: Մեկ օրինակ՝ 2024թ-ի ամռանը անձնագրային ծառայությունների համար արձանագրել ենք մինչև 35.000 մարդու միաժամանակյա հերթագրումներ, որը նախորդ հերթագրման համակարգով վերածվում էր 2-3 ամսվա հերթի։ Ներկայումս նոր համակարգի ներդրմամբ քաղաքացին կարող է սպասարկվել ընդհուպ մինչև նույն օրը։ Չնայած ներկայումս՝ հայտարարագրման պահանջով պայմանավորված նույնականացված քարտերի հանդեպ պահանջարկն էականորեն աճել է, սակայն ընդհանուր առմամբ ունենք կառավարելի իրավիճակ։ 2024թ-ի ընթացքում գործարկել ենք նաև անձնագրային ծառայությունների մատուցման շրջիկ ձևաչափը, որի շրջանակում աշխատանքային խումբը եղել է 8 մարզերում, ընդունել 500-ից ավելի դիմումներ։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը կշարունակենք նաև 2025թ-ին, որի համար ձեռք ենք բերել նաև 3 մեքենաներ, որոնք կլինեն հատուկ հարմարացված կահավորանքով և տեխնիկապես վերազինված։ Շրջիկ ձևաչափով կմատուցենք նաև այլ բնույթի հանրային ծառայություններ։

Այս լուծումները, սակայն, համարում ենք կարճաժամկետ, իսկ երկարաժամկետում նախատեսում ենք պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափում, միջազգային լավագույն փորձի ներգրավմամբ, ամբողջությամբ արդիականացնել մեր անձնագրային համակարգը՝ ներդնելով նաև կենսաչափական տվյալների կառավարման ամբողջական ենթակառուցվածք։ Սա կարևոր քայլ կլինի նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համատեքտում։

Ծառայությունների մատուցումը հնարավորինս թվայնացված և պարզեցված կերպով կազմակերպելը ևս սկզբունքային մոտեցում է, և այդ ուղղությամբ միջոցառումներ կան ձեռնարկված բոլոր հանրային ծառայությունների ուղղություններով՝ առանձին-առանձին: Հաղորդակցության և սպասարկման ստանդարտների ներդրումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական և արդյունավետ վերահսկման գործընթացը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվել ինչպես համապատասխան ստորաբաժանման ստեղծմամբ, այնպես էլ ոլորտին ներկայացվող պահանջների սահմանմամբ և դրանց լեգալիզացմամբ։

Փրկարար ծառայության հերթապահություն իրականացրած տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել

Մեծածավալ աշխատանք է կատարվել աղետների և արտակարգ այլ իրավիճակների ռիսկի կառավարման, օպերատիվ արձագանքելու գործընթացի շրջանակներում։ 2024 թվականին ընդհանուր առմամբ, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 հեռախոսահամարին ստացվել է 1 մլն 569 հազար 871 զանգ (1․727․690)։ Միևնույն ժամանակ, զգալի աշխատանքներ են կատարվել անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման ուղղությամբ, ինչի արդյունքում 2024 թվականին անտառային հրդեհների դեպքերը նվազել են 9-ով կամ 41,0%-ով՝ կազմելով 13 (22) դեպք։

Մարդկային կյանքեր փրկելու իրենց գործառույթը փրկարարներն իրականացրել են ջանք չխնայելով։ Սևանա լճի երեք հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի ափամերձ գոտում լողասեզոնի ընթացքում իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ փրկվել է 31 մարդու կյանք։ Հերթապահության իրականացման տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։ Ձմեռային սեզոնին փրկարար ծառայողները հանրապետության ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 5․756 (3.162) տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 10․659 (7․502) մարդ։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից օպերատիվորեն իրականացվել է հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակին արձագանքումը, ինչպես նաև վաղ վերականգնումը և հետաղետային հետևանքների վերացումը։ Արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի աշխատանքները ևս համակարգվել են Ներքին գործերի նախարարության կողմից՝ ապահովելով աղետից տուժած անձանց փոխհատուցման գործընթացի իրականացումը։

Աղետներին և այլ արտակարգ իրավիճակներին պետության դիմակայունության բարձրացման ուղղությամբ ևս առկա են ռազմավարական մոտեցումներ, որոնք կենսագործվում են 2023 թվականի հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության համատեքստում։ 2025 թվականի ընթացքում մեր կենտրոնացումը լինելու է Փրկարար ծառայության կառուցվածքի մոդեռնիզացման, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության, ապահովագրական, քաղաքաշինական և այլ ստանդարտների շարունակական ձևավորման և ներդրման ուղղությամբ։

Սա էր կատարված մեծածավալ աշխատանքների հակիրճ թվարկումը, սակայն նշված կետերի ներքո կա ամփոփված հսկայական աշխատանք, մեծ թիմի կողմից ներդրված ահռելի ջանք, որը շատ հաճախ տեսանելի չէ։ 2025թ-ը շարունակելու է մեզ համար լինել ինստիտուցիոնալ բարեփոխումների և զարգացման տարի»:

 

 

Նմանատիպ գրառումներ