ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 14-ին ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) փորձագետ Ռոնան Մաքդերմոտին: Հանդիպմանը ներկա էին նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և հանձնաժողովի այլ ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման, բնակչության պետական ռեգիստրի վարման, հավաքագրված տվյալները ընտրողների ռեգիստր փոխանցելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրելու կարգի վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվել են բնակչության պետական ռեգիստրում անհատական տվյալների մշակման, ինչպես նաև քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման, դրանց կիրառության ժամկետների վերաբերյալ հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համապետական ընտրությունների անցկացման, ընտրացուցակների ճշգրտման, ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումների կիրառման և մի շարք այլ հարցերի։