ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 17-ին մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնության շրջանակում կազմակերպված «Արդյունքների առաջխաղացման ուղին, հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում» խորագրով ամփոփիչ միջոցառմանը։
Ներկա էին Նորվեգիայի Թագավորության դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Ազգային ժողովի, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ ու կամավորներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
Արմեն Ղազարյանն ամփոփել է Ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության կողմից համայնքների դիմակայունության ամրապնդման և ԼՂ բռնի տեղահանված անձանց փաստաթղթավորման կարգի դյուրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, մասնավորապես, փաստացի հաշվառման և ժամանակավոր պաշտպանության վկայականների տրամադրման թվայնացումը։
Աղետների ռիսկի կառավարման համատեքստում՝ Արմեն Ղազարյանն առանձնացրել է Մասիս համայնքում կամավորական ջոկատների ձևավորումը, վաղ ազդարարման համակարգերի արդիականացումը և հանրության իրազեկվածության բարձրացումը։
Ընդգծելով Ծրագրի ներառականության բաղադրիչը՝ փոխնախարարը կարևորել է ԼՂ բռնի տեղահանված բնակչության և նրանց ընդունող համայնքների կարիքների համապարփակ մոտեցումը։
Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և հույս հայտնել, որ առաջիկա ծրագրերը կներառեն ՆԳ նախարարության գործառույթների զարգացումն ու թվայնացման գործընթացի ընդլայնումը։
Գրանցված արդյունքների և առկա ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվել են նաև Ազգային ժողովի և շահագրգիռ այլ նախարարությունների ներկայացուցիչները։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մրցանակների հանձնում։
Վկայականներ են ստացել շահառու այն համայնքների ղեկավարները, որտեղ Ծրագրի շրջանակում ուժեղացվել են ավագանու և աշխատակազմի կարողությունները։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը վկայականներ է հանձնել Մասիս համայնքի կամավորներին։
Վկայականներ են հանձնվել նաև իրավաբանական օգնություն տրամադրողներին, իսկ այն համայնքների ղեկավարներին, որտեղ նախագծվել և գործարկվել են նորարարական համայնքային ոլորտային ծառայություններ. շնորհվել են տրանսպորտային միջոցներ։
Փակման խոսքում Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին` արդյունավետ համագործակցության համար։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն բոլորի համար» նախաձեռնությունն իրականացվել է Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և ԱԺ հետ համագործակցությամբ։

Նմանատիպ գրառումներ