Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով», – նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Մասնավորապես, առաջարկվում է հարկային օրենսգրքում սահմանել, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը` հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը: «Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե ստացվում են տվյալներ, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս», – մանրամասնել է հիմնական զեկուցողը:

Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների, քրեական վարույթը նախաձեռնելու պահից նախատեսվող ժամկետների վերաբերյալ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մտքերի փոխանակման ընթացքում պատգամավորները կարևորել են օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները, խնդրի վերաբերյալ հնչել են առաջարկություններ: Եզրափակիչ ելույթում Ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ պատրաստ են քննարկել ներկայացված առաջարկները և գտնել լավագույն լուծումները:

Նմանատիպ գրառումներ