ՀՀ վարչապետի 2025 թ. հունվարի 15-ի որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ): Խորհրդի նպատակը Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության և դրանից բխող՝ 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումն է, նաև՝ իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի փոխգործելիության ապահովումը:
Համակարգող խորհրդի անհատական կազմում մրցութային կարգով ընդգրկվում են նաև արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող չորս հասարակական կազմակերպություններ, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:
Մրցույթի մասնակցության հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են առձեռն հանձնվել Ներքին գործերի նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 130)՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-ից ժամը 18.00-ն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել mia@gov.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
Հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները.
1) կազմակերպության անվանումը,
2) կազմակերպության գտնվելու վայրը,
3) կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ),
4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
2) տեղեկությունների ոլորտում փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, դատաիրավական համակարգի բարեփոխման, զարգացման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 1-ը ներառյալ է։
Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:
Հասարակական կազմակերպությունների ներգրավումն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:
Մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել ՆԳ նախարարի 21․01․2025թ․ «Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 5-Լ հրամանի հավելվածում:
Մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացվող հայտերի ընդունման գործընթացը համակարգում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:
Հարցերի դեպքում զանգահարել 010 59-63-29 հեռախոսահամարին: