Հունվարի 22-24-ը տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման թեմայով եռօրյա սեմինար, որին մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Սեմինարին ներկա էին ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի և Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի փորձագետներ և ներկայացուցիչներ ՆԳ նախարարությունից ու շահագրգիռ այլ գերատեսչություններից։
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը կարևորել է ԱՄՆ Կանզաս նահանգի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, մասնավորապես, ՆԳՆ Փրկարար ծառայության կարողությունների կատարելագործման ուղղությամբ ունեցած դերակատարումը։
Մայքլ Վեներդին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ նման հանդիպումները համագործակցության ամրապնդման համար կարևոր խթան են:
Սեմինարի ընթացքում քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գերակա ուղղությունները, ներկայացվել է կատարված աշխատանքներում տեղական և ամերիկյան փորձի կիրառումը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ճգնաժամային հաղորդակցության ու իրազեկման մեխանիզմներին և վաղ ազդարարման համակարգերի արդիականացման, աղետների ռիսկերի պլանավորման, GIS համակարգերի կիրառման հարցերին։
Ավարտին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը սեմինարի մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։
Եռօրյա սեմինարը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից:
Սեմինարը ևս մեկ անգամ ընդգծեց Վաշինգտոնում ձևակերպված ռազմավարական գործընկերության կարևորությունը հատկապես աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ նպաստելով փորձի փոխանակմանը և ռազմավարությունների զարգացմանը։