Ներքին գործերի նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ամփոփում է վերջին 1 տարվա աշխատանքները։
Նորաստեղծ վարչությունը կայացմանը զուգահեռ իրականացրել է մեծ աշխատանք թե՛ նախարարության, թե՛ ենթակա ծառայությունների գործունեության շուրջօրյա լուսաբանման ուղղությամբ։
Տարվա ընթացքում վարչությունը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված 1500-ից ավելի հարցման, կազմակերպվել է շուրջ 250 հարցազրույց ու ռեպորտաժ։
ՆԳն Ոստիկանության կայքով և սոցիալական հարթակներով պատրաստվել և հրապարակվել է մոտ 2500 հաղորդագրություն ու տեսանյութ։ Ոստիկանության պաշտոնական լրահոսում հրապարակումներն ունեցել են նաև հանրօգուտ արդյունք՝ հայտնաբերվել են անհետ կորածներ, հետախուզվողներ, բացահայտվել՝ հանցագործություններ։
«Հերթապահ մաս» հաղորդաշարի միջոցով ամեն երեկո քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու օրվա քրեական քրոնիկոնին և նախարարության իրազեկող տեսանյութերին։ Իսկ «02» և «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարերն ամփոփում են շաբաթվա անցուդարձը։
Հնչողություն ստացած դեպքերը հանրությանն են ներկայացվել առաջին օղակից՝ հաղորդվել է օպերատիվ տեղեկատվություն։
Անցկացվել են իրազեկման միջոցառումներ՝ ոստիկանությունում կանանց ներգրավվածության, նոր ձևավորված Քրեական և Համայնքային ոստիկանություն ընդունելության, Պարեկային ծառայության կադրային համալրման, ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ։
Տարվա ընթացքում հատուկ տեղ է հատկացվել Ոստիկանության ոլորտում հասարակության իրազեկվածության, իրավագիտակցության բարձրացմանն ու քրեական ենթամշակույթի հանդեպ անհանդուժողականության ձևավորմանը։
Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն աջակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Կախվածություն» հեռուստասերիալի նկարահանմանը՝ հանրությանն իրազեկելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու օգտագործման վտանգավոր հետևանքների մասին։
Իսկ վարչության աջակցությամբ նոր՝ «Բացահայտված գործեր» բազմասերիանոց նախագիծը նպատակ ունի ներկայացնել հանցավորության դեմ պայքարի կարևորությունն ու պատժի անխուսափելիությունը։
Փրկարար ծառայության ոլորտում տարվա ընթացքում պատրաստվել և հրապարակվել է մոտ 2300 իրազեկում՝ արտակարգ դեպք-պատահարների, անվտանգային վարքականոնների, պաշտոնական այցերի, հանդիպումների ու նորությունների մասին։
2024 թվականին գործարկվել է ՆԳՆ փրկարար ծառայության նոր՝ rescue.mia.gov.am կայքը՝ առաջինն ամպային տիրույթում և հաշմանդամություն ունեցող անձանց համար ալգորիթմով։
Հանրապետությունում տեղի ունեցած արտակարգ դեպք-պատահարները ստացել են օպերատիվ արձագանք, տեղեկատվությունը թարմացվել է անհրաժեշտ պարբերականությամբ։
2024 թվականի ճգնաժամային հաղորդակցության մարտահրավերը Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով արտակարգ իրավիճակն էր։ 24-ժամյա ռեժիմով ՆԳՆ և Փրկարար ծառայության հաղորդակցության պատասխանատուները հանրությանը ներկայացրել են աղետի զարգացումները, առաջին օգնության անհետաձգելի միջոցառումները։
Տարերային և տեխնածին աղետների վարքականոնների մասին հանրությունն իրազեկվել է ՆԳՆ սոցիալական հարթակներով և լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում իրականացվել է շուրջ 200 լուսաբանում՝ ռեպորտաժ, լրատվամիջոցներին հարցազրույց և իրազեկող հրապարակումներ։
Հանրապետության բոլոր մարզերում շրջիկ սպասարկման մասին իրականացվել է նախնական իրազեկում՝ համագործակցելով ՏԻՄ-երի հանրային կապերի պատասխանատուների ու մարզային լրատվամիջոցների հետ։
Իրականացվել է լուսաբանում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի, հերթերի կառավարման նոր համակարգի, ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին առնչվող գործընթացների և այլնի մասին։
ԶԼՄ-ների հետ համագործակցությունն շրջանակներում կազմակերպվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա» սեմինար-քննարկում, ճգնաժամային հաղորդակցությամբ վերապատրաստում և մարզային աշխատաժողովներ։ Միգրացիոն գործընթացների զարգացման մասով լրատվամիջոցների հետ կազմակերպվել են քննարկումներ ոչ ստանդարտ ձևաչափով։ Լրագրողներն այցելել են Սևան և հետևել ջրային պարեկների ու փրկարարների աշխատանքին, ապա Գառնի՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն։
Տարվա ընթացքում ակտիվ էր համագործակցությունը տարբեր հեռուստանախագծերի, ֆիլմերի, սերիալների նկարահանման աշխատանքներում։
Նախարարության «#Եղիրուժմերերկրիհամար», «#Ձեզտանըսպասումեն», «#Ամրագոտինկյանքէփրկում» իրազեկման արշավներին միացել են պատգամավորներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ․ նպատակը անվտանգային մշակույթի ձևավորումն էր ու կանանց ներգրավվածության բարձրացումը։
Վերջին մեկ տարում հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ակտիվ էր նաև սոցիալական հարթակներում․ ֆեյսբուք, ինսթագրամ, տիկտոկ, X, Threads։
Ձևավորվել է Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհուրդը, բացի այդ՝ քաղհասարակության հետ շփումները դարձել են ավելի ակտիվ և համագործակցային:
Նոյեմբերին Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների ու լրատվական նյութերի բաց մրցույթ։ Լրագրողները ներկայացրել են հայտարարված անվանակարգերով տեսանյութեր ու հոդվածներ, որոնք սահմանված չափանիշներով գնահատվել են մրցութային հանձնաժողովի կողմից։ Բաց մրցույթի մրցանակների հանձնման արարողությանը լավագույններն արժանացել են գնահատականի։
Տարին ամփոփվել է ՆԳ նախարարի ասուլիսով, որտեղ լրագրողներին ներկայացվել են ինչպես նախորդ տարվա արդյունքները, այնպես էլ առաջիկա անելիքները։
Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը 2024 թվականին նաև վերազինվել է․ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում՝ նոր մասնագիտական սարքավորումներով։

2024 թվականը Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության կայացման, նորարարությունների, աշխատանքի կատարելագործման և նոր համագործակցությունների տարի էր, իսկ 2025-ը խոստանում է լինել հաջողությունների ամրապնդման և նոր ձեռքբերումների տարի։

Նմանատիպ գրառումներ