Երբ մասնագիտության մասին տեղեկացված ես, ընտրելն ավելի հեշտ է։
Կարիերայի լավագույն հնարավորությունները երիտասարդներին ներկայացնելու նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ և Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ հունվարի 29-ին Կապանում անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել մարզի երիտասարդներին։ Միջոցառմանը մասնակցել են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

Ծառայությունն ընտրելու մոտիվացիայի, մասնագիտական առաջընթացի հնարավորությունների ու աշխատանքի առանձնահատկությունների մասին երիտասարդներին ներկայացնելու էին եկել մարզի պարեկները։

Էքսպոյի մասնակիցներին ողջունեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը՝ իրենց խոսքում նշելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են մասնագիտության ընտրության և ճիշտ կարիերիա կառուցելու հարցում։

Ապագա մասնագիտության և ցանկությունների մասին ներկաների հետ կիսվեց նաև պարեկ դառնալ երազող Մարիաննա Ավթանդիլյանը.«Ես հստակ կողմնորոշմամբ ընտրել եմ պարեկի մասնագիտությունը, որպեսզի իմ քաղաքի, իմ պետության համար պիտանի լինեմ»:

Էքսպոյի ընթացքում պարեկները երիտասարդներին ներկայացրին ծառայության առանձնահատկությունները, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, կիսվեցին իրենց փորձով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ «Շատ կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ ոչ միայն պոպուլյար մասնագիտություններ ընտրելով են երկրին և հայրենիքին օգտակար լինում, այլ նաև մասնագիտություններ, որոնք կոնկրետ երկրի ներքին և արտաքին անվտանգությանն են վերաբերում»։
Պարեկները ցուցադրեցին նաև ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։
Միջոցառումն ուղղորդեց երիտասարդներին մասնագիտական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում, նաև հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր մասնագիտությունների, բացահայտել նոր հնարավորություններ։

Նմանատիպ գրառումներ