Դասավանդման նոր մոտեցումներ, կարողությունների հզորացում…
Փետրվարի 4-ից մեկնարկել են ՆԳՆ կրթահամալիրի դասընթացավարների եռօրյա վերապատրաստումները, որոնց նպատակը նրանց հմտությունների կատարելագործումն է, ինչը նոր շունչ կհաղորդի կրթական գործընթացին։
Երկու մասից բաղկացած վերապատրաստման առաջին դասընթացին Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրել է ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունն ու սկզբունքները, ունկնդիրների հետ հաղորդակցման առանձնահատկությունները:

ԵԽ ազգային փորձագետի խոսքով՝ «Պետք է գիտելիք և հմտություն չափաբաժինները համադրել: Այսօր ուսումնասիրվում է, թե դասավանդման ինչ մեթոդաբանություն կիրառել։ Բնականաբար, տարիներ են պետք դրա համար, բայց այսօր այդ հիմքերն են դրվում»:

Դասընթացների արդյունավետ կազմակերպման համար կարևոր է գիտելիք-հմտություն-արժեք շղթայի ապահովումը։ Այդ նպատակով դասընթացավարներն ուսումնասիրում են նյութի մատուցման ժամանակակից մեթոդները, վերլուծում խնդիրներն ու կիսվում դրանց հաղթահարման փորձով։

«Դասընթացավարները գործ ունեն այնպիսի մարդկանց հետ, որոնք արդեն բուհ են ավարտել կամ փորձառություն ունեն. նրանց հետ աշխատելու մեթոդը պետք է տարբերվի ուսանողների հետ աշխատելու մեթոդից»,- նշում է Արա Ղազարյանը։

Ներկաները կատարելագործում են գիտելիքները նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների ուղղությամբ:

«Վերապատրաստման դասընթացը հետաքրքիր է անցնում: Հուսով ենք, որ ստացած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կկարողանանք լավարկել դասավանդման մեթոդաբանությունը»,-նշում է դասընթացավար Ամալյա Սաֆարյանը։

Վերապատրաստման երկրորդ դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրում են Ոստիկանության գվարդիայի կողմից ուժային միջոցների գործադրման օրենսդրական և իրավական կարգավորումները:

ԵԽ ազգային փորձագետ Հրայր Ղուկասյանի խոսքով՝ «Գործ ունենք նոր բովանդակությամբ ու նոր չափանիշներով օրենքի հետ: Շատ դրույթներ նորամուծություններ են, ուստի պետք է առաջին հերթին դրանց վրա շեշտադրում արվի, որպեսզի և՛ դասավանդողը, և՛ ունկնդիրը նախևառաջ գիտակցեն, որ նոր երևույթի հետ գործ ունեն»:

Թեմաները պետք է ներկայացվեն հնարավորինս մատչելի` ներառելով ուժային միջոցների գործադրման խաղարկային իրավիճակներ, ինչը կզարգացնի ապագա ծառայողների գործնական հմտությունները:

ԵԽ ազգային փորձագետ Առնոլդ Վարդանյանի ներկայացմամբ՝ «Դասընթացը հիմնված է գործնական օրինակների վրա: Սկզբունքը պիտի լինի դասընթացավարների ներգրավվածության ապահովումը, որպեսզի նրանք նաև իրենց հետագա ունկնդիրներին ներկայացնեն հստակ օրինակներ՝ հիմնված Գվարդիայի մասին օրենքի, հիմնական սկզբունքների, պայմանների վրա»։

Դասընթացի առանցքային մաս են խմբային և ինքնուրույն աշխատանքները։ Քննարկվում են տարբեր իրավիճակներում ուժային միջոցների գործադրման օրինակներ, վերլուծվում է իրավիճակը, առաջարկվում են լուծումներ։

Դասընթացավար Միքայել Պողոսյանը նշում է. «Վերապատրաստման դասընթացները բավական արդյունավետ են: Նման դասընթացները պետք է շարունակական լինեն»։
Վերապատրաստումն անցկացվում է «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ գրառումներ