ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ՝ մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատաժողով: Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված տարերային երևույթների, հատկապես՝ սողանքների դեպքում բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։
Մասնակցում էին ՆԳ նախարարության աշխատակիցներ ու փրկարարական ծառայողներ, Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։
Կարևորելով աշխատաժողովի նշանակությունը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդգծել է, որ նման հանդիպումները հնարավորություն են քննարկելու տարածաշրջանում առավել արդիական խնդիրներն ու դրանց լուծման և կանխարգելման միջոցները։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացնելով աշխատաժողովի նպատակը՝ ընդգծել է մասնավորապես դիմակայուն հասարակության ձևավորման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև համայնքային մակարդակում կարողություններն ու համակարգված աշխատանքը, հանրության տեղեկացվածությունը, ինչը կօգնի ձևավորել իրազեկ և դիմակայուն հասարակություն։
ՆԳՆ աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչության ավագ մասնագետ Կարեն Աթայանը, որպես Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի միջոցառում, ներկայացրել է սողանքային ռիսկերի կառավարման համակարգի զարգացման ընթացքը։
ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորումը, քարտեզագրումը և բնակչության պատրաստվածության անհրաժեշտությունը:
ՓԾ տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Անահիտ Դավթյանը ներկայացրել է սողանքների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունն է։
ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը նշել է, որ հանրային իրազեկման միջոցառումներն էական նշանակություն ունեն բնակչության պատրաստվածության բարձրացման և ճգնաժամերի բացասական հետևանքների կանխարգելման տեսանկյունից, ինչի միջոցով հնարավոր է ստեղծել ավելի դիմակայուն հասարակություն։
Զեկուցողները կարևորել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերը բնակչության պատրաստվածության բարձրացման գործում։
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների՝ Տավուշի մարզում սողանքավտանգ ուղղությունների առկայությանը, իրականացվող աշխատանքներին և հնարավոր վտանգներին վերաբերող հարցերին։
Ամփոփելով՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը նշել է, որ աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը առավել արդյունավետ են, երբ տեղական ինքնակառավարման մարմիններն ակտիվորեն ներգրավված են գործընթացներում։ Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող է ձևավորվել կայուն և անվտանգ երկիր, որտեղ յուրաքանչյուրը գիտակցում է իր պատասխանատվությունը և պատրաստ է արձագանքել մարտահրավերներին։