ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։
96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև տարեց մի կին։
«Մի քանի ժամվա ընթացքում սպասարկել ենք հարյուրից ավելի քաղաքացիների։ Շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը բավական բարձր է գնահատվում քաղաքացիների կողմից, քանի որ այն խնայում է նրանց և՛ ժամանակը, և՛ ֆինանսական միջոցները։ Ամենապահանջվածը եղել է անձնագրավորման գործողությունը. մատուցել ենք անձնագրերի փոխանակման, առաջին անգամ անձնագրավորման, ինչպես նաև այլ ծառայություններ»,-նշեց ՄՔԾ աշխատակից Քրիստինե Պողոսյանը:
Հաշվառման- քննական բաժինների տիրույթում մատուցվող ծառայություններից հիմնականում դիմում են վարորդական իրավունքի վկայականի փոխանակման և մեքենայի սեփականության վկայական ստանալու համար։
Հաշվառման- քննական բաժնի աշխատակից Նաիրա Պողոսյանի խոսքով՝ «Մատուցվող ծառայությունների տևողությունը տարբեր է։ Օրինակ՝ խոտանման տեղեկանքի կամ սեփականության վկայականի տրամադրումը տևում է 3-ից 5 րոպե, իսկ, օրինակ, վարորդական վկայականների փոխանակման դեպքում՝ մինչև 10 րոպե»։
Շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները նախանշված վայրերում ծառայություններ մատուցելուց բացի իրականացրին նաև տնայցեր՝ սպասարկելու տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց։
Անձնագրավորվեց Նորակերտ գյուղի 94-ամյա բնակչուհին, որի համար բաժին այցելելը դժվար խնդիր էր։
«Երեք ամիս է՝ անձնագրի ժամկետը լրացել էր, հնարավոր չէր թոշակ ստանալ։ Միանշանակ գոհ եմ, բարձր սպասարկում է, աշխատակիցը շատ բարեհամբույր է»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի:
Տնայցի շրջանակում սպասարկվեց նաև Նորակերտ գյուղի մեկ այլ բնակչուհի. նրա անձնագրի ժամկետը նույնպես լրացել էր:
Ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը կտրամադրվեն մարտի 28-ին՝ նույն վայրերում։