ՆԳ նախարարությունը կարևորում է միջազգային վերապատրաստման դասընթացներին կին ծառայողների ներգրավվածությունը՝ կատարելագործելու արտակարգ իրավիճակներում արձագանքելու նրանց կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) նախաձեռնությամբ 2024-2025 թթ․ իրականացված Օժանդակության և պաշտպանության կարողություններն ամրապնդող միջազգային վերապատրաստման դասընթացի նպատակը խաղարկային սցենարներով քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ հիմնական վարքագծային կանոնների ուսուցումն էր, որին մասնակցում էին 25 կին՝ աշխարհի հինգ մայրցամաքներից:
Վերապատրաստման դասընթացի ամփոփիչ վարժանքը տեղի է ունեցել մարտ ամսին՝ Շվեյցարիայի Շպից քաղաքում: Վարժանքին մասնակցել է նաև Փրկարար ծառայության աշխատակից, փ/ծ փոխգնդապետ Մերի Առաքելյանը. նա շուրջ մեկուկես տարի Շվեյցարական բանակի կողմից վերապատրաստվել է որպես քիմիական զենքի պայթյունի դեպքում առաջին արձագանքող և ուսուցանող։
Դասընթացի մասնակիցներին ուսուցանվել են քիմիական անհատական պաշտպանության միջոցների կրման, չափիչ սարքերի կիրառման, ինքնապաշտպանական հակաթույների օգտագործման առանձնահատկությունները, նմուշառման ընթացակարգը: Նրանք նաև անցել են արտակարգ դեպք-պատահարների կառավարման հատուկ ուսուցում, արցունքաբեր գազի ազդեցության տակ իրականացրել են անհրաժեշտ գործողություններ, կատարել լաբորատոր վերլուծությունների համար նմուշների հավաքում և ամբողջական ախտահանում:
Շվեյցարական բանակի պատասխանատվությամբ անցկացվել են նաև զորավարժություններ։ Դասընթացի հրամանատար Մարկոս Մյուլլերը ներկայացրել է Շվեյցարական բանակի առաջնորդության փորձառությունը, մասնակիցներին սովորեցրել ձեռք բերած փորձը հետագայում ինչպես տեղայնացնել իրենց տարածաշրջանում։
Հայաստանի ներկայացուցիչը ներգրավվել է տարբեր առաջնորդական դերերում, որոնք արժանացել են բարձր գնահատականի։ Նա վերապատրաստվել է որպես հրշեջ-փրկարարներին առաջին արձագանքողներ ուսուցանող։