Երբեմն ընդամենը մեկ փաստաթղթի փոխարինման համար հարկավոր է այցելել տարածքային բաժիններ՝ ծախսելով ժամանակ և այլ ռեսուրսներ։ՆԳՆ սպասարկման գրասենյակների շրջիկ ձևաչափով աշխատանքն ուղղված է հենց այդ խնդիրը լուծելուն:
Շրջիկ սպասարկման մեքենաներն այս անգամ Արմավիրի և Արագածոտնի մարզերի Ամբերդ, Դաշտ, Արագած, Երվանդաշատ և Ծիլքար համայնքներում էին:
ՀՔԲ աշխատակից Սաթենիկ Սիրականյանի խոսքով՝
քաղաքացիները նշում են, որ շրջիկ այցերն ավելի հաճախ կազմակերպվեն, որպեսզի կարողանան իրենց փաստաթղթային հարցերը հեշտ և արագ կազմակերպել իրենց բնակավայրերում։
ՄՔԾ աշխատակից Քրիստինե Պողոսյանն ընդգծում է՝ ՆԳՆ գրասենյակում նախքան ծառայությունների մատուցելը ստուգվում են բոլոր տեխնիկական սարքավորումները անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, որպեսզի քաղաքացիներին էլ ավելի որակյալ ծառայություններ մատուցվեն։
«Այս ձևաչափով սպասարկման ամենահատկանշական և դրական կողմն այն է, որ քաղաքացիներից ստանում ենք իրենց գոհունակությունը և երախտագիտության խոսքերը նման ծառայություն մատուցելու համար»,- ընդգծում է Քրիստինե Պողոսյանը։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները, ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը տրամադրելու նպատակով, ապրիլի 11-ին կրկին կլինեն նույն համայնքներում։