ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Լսումներին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ և այլ շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հրավիրյալներ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում նշել է, որ նման թեմայով լսումներ կազմակերպվել են քննարկումների արդյունքում: Անդրանիկ Քոչարյանը կարևորել է հանրակրթության ոլորտում երթևեկության մշակույթի և վարքագծի ձևավորման անհրաժեշտությունը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Պարեկային ծառայության ստեղծումը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է, որն էական ազդեցություն է ունեցել ոչ միայն երթևեկության վերահսկման, այլ նաև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման վրա:

Հիմնական զեկուցող ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալներին, մանրամասնել դրանց պատճառները՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատ պատահարների թիվը նվազել է 6,5 տոկոսով:

Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ պատահարների նվազումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում Պարեկային ծառայության գործունեությամբ, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից թիրախային միջոցառումների իրականացմամբ:
Անդրադառնալով տրանսպորտային միջոցների ավելացմանը՝ ոստիկանապետը նշել է, որ 2015 թվականի համեմատ 2024 թվականին հաշվառված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է մոտ 400 000-ով:

Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև 2025 թվականի առաջին եռամսյակի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալն իր ելույթում նշել է, որ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ համագործակցության շրջանակում իրականացվում է մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանք: Փոխնախարարը տեղեկացրել է, որ իրականացվել են նաև թեմայի շրջանակներում հանրային արշավներ և հավելել, որ ՆԳ նախարարության հետ առկա է սերտ համագործակցություն ուսումնական հաստատությունների տարածքում ճանապարհային անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասներ է ներկայացրել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումների ու նախաձեռնությունների մասին։
Քննարկման առարկա են դարձել ճանապարհային անվտանգության ոլորտի խնդիրները և ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները։

Այս համատեքստում կարևորվել է առանձնացված ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարության, գործունեության ծրագրի և համակարգող մարմնի առկայությունը: Ընդգծվել է, որ թեպետ պատահարների նվազեցման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ մեր երկրում դեռևս մտահոգիչ է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Կարևորվել է այլընտրանքային փոխադրամիջոցների անվտանգ և անխոչընդոտ երթևեկության կազմակերպումը:

Ոլորտին վերաբերող զեկույցներով հանդես են եկել նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին լսումներին մասնակցելու և դիտարկումներ ու առաջարկներ ներկայացնելու համար:
Խորհրդարանական լսումներն իրականացվել են ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի և Կանադայի կառավարությունների և ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Նմանատիպ գրառումներ