Զեղծարարության զոհ դառնալու համար մեծ «ջանքեր» չեն պահանջվում, ընդամենը պետք է անցնել անծանոթ հղմամբ, համապատասխան դաշտերում լրացնել անձնական տվյալները, ապա որպես հաստատում՝ ստացված կոդերը և վերջ, բանկային հաշիվներն արդեն զեղծարարի ձեռքում են։
Համացանցը հսկա խաղահրապարակ է՝ լի զվարճանքներով ու հետաքրքրություններով, նաև թաքնված վտանգներով։ Դրանք հենց կիբեռանվտանգության սպառնալիքներն են․ մեկ անզգույշ քայլ, և ցանցահենը քեզնից առաջ է։
Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես սոցիալ ինժեներինգի միջոցով բանկի հաճախորդների տվյալների շորթումը։ Ցանցահենները այդ տվյալների օգտագործմամբ հաճախորդների փոխարեն մուտք են գործում նրանց ինտերնետ կամ մոբայլ բանկինգներ, տիրանում ֆինանսական միջոցներին, որոշ դեպքերում անգամ վարկային գործարքներ կատարում, ապա փորձում այն դուրս բերել հաճախորդի հաշիվներից և օգտագործել տարբեր նպատակներով։
IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում տարբեր տեսակի գրավիչ գովազդների միջոցով ցանցահենները հաճախորդներին համոզում են մուտքագրել բանկային տվյալները՝ գաղտնաբառ, մեկանգամյա նույնականացման կոդ և այլն։ Եվ, ըստ էության, չգիտակցելով՝ հաճախորդները այդ տվյալները մուտքագրում են մի տիրույթ, որը չի հանդիսանում բանկի ինտերնետ կամ մոբայլ բանկինգի տիրույթը, այլ հանդիսանում է զեղծարարի ստեղծած պատուհան՝ շատ նմանեցված գործող բանկային ծրագրերի համակարգերին։
Վերջերս հատկապես մեծ տարածում են գտել IDBank-ի անունից տարածվող կեղծ գովազդները։ Հաճախորդներին գրավելու նպատակով զեղծարարները սոցիալական ցանցերում տարածում են գովազդներ, ըստ որոնց՝ առաջին հայացքից բանկի կայքում ինչ-որ անմեղ գործողություններ անելուց, օրինակ՝ բանկի ծառայությունների մատուցման որակը գնահատելու հարցմանը մասնակցելուց հետո հաճախորդը որպես շահում ստանալու է որոշակի գումար։ Հիմնական խայծն այն է, որ կայքը ստեղծված է արհեստական բանականության օգնությամբ և հնարավորինս նմանեցված է բանկի պաշտոնական էջին, մինչդեռ հղումը ակնհայտ տարբերվում է պաշտոնականից։
Բանկի տեսանկյունից անձը նույնականացման բոլոր փուլերն անցել է, հաճախորդի տեսանկյունից խաբեության զոհ դառնալը դեռ անձի նույնականացում չէ։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում։ Եթե հայտնվել եք զեղծարարի ծուղակում, ապա պետք է դիմել Ոստիկանություն և փորձել համատեղ դուրս գալ ստեղծված իրավիճակից։
«Նշված հանցագործության տեսակը ևս գտնվում է Ոստիկանության տիրույթում և մասնագիտացված ստորաբաժանման կողմից մշտադիտարկում է իրականացվում նշված հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Բացի այդ, հարկ եմ համարում նշել, որ 2025 թվականի ընթացքում Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման կողմից արդեն իսկ հայտնաբերվել է նշված գործունեությանը օժանդակող անձանց որոշակի շրջանակ, որոնք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին` քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- նշում է ՔՈ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության Բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հափշտակությունների դեմ պայքարի բաժնի պետ Վաղինակ Մինասյանը։
Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք Ոստիկանություն։