Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ներկայացրել է Ներքին գործերի նախարարության 2024 թվականի կատարողականը՝ բարեփոխումներն ու խնդիրները։

✔️ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում առաջնահերթություն կդիտարկվի հանրային անվտանգության ու հանրային առողջապահության մեկտեղումը։ Քննարկվում է նաև անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորությունը։

✔️ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում շեշտը դրվել է ներմուծման և արտադրության շղթան կոտրելու վրա՝ սահմանային հսկողության շրջանակներում հայտնաբերելով ներմուծվող թմրամիջոցը և կանխարգելելով մանր խմբաքանակներով տարածումը։ ՆԳ նախարարի խոսքով՝ մեթոդաբանական այս փոփոխությունը կկիրառվի նաև 2025 թվականին։

✔️ Պարեկային ծառայությունը և Օպերատիվ կառավարման կենտրոնն ունեն վարչական նոր համալիր։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ բարեփոխումները նպատակ ունեն ոստիկանության արտաքին նկարագիրը փոխել, ինչը պետք է լինի նաև ենթակառուցվածքային պայմանների փոփոխությամբ։ Ենթակառաուցվածքների զարգացումը կնպաստի թե՛ հանրային ծառայությունների որակի բարելավմանը, թե՛ ամենօրյա ռեժիմով ծառայողների կարողությունների կատարելագործմանը։
✔️ Ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման համար 2025 թվականին նախատեսվում է տեխնիկական նոր լուծում, որի արդյունքում կարձանագրվի և կբացառվի ցանկացած տեսակի խախտում, այդ թվում՝ վարելիս ծխախոտի, հեռախոսի օգտագործում և այլն։

✔️ ՆԳՆ բարեփոխումների առանցքում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր ստանդարտ երաշխավորելն է։

✔️ 2024 թվականին 5485 անձ զրկվել է վարորդական իրավունքից․ կիրառվում է խիստ վարչարարություն՝ հաշվի առնելով, որ երթևեկության կանոնների խախտման և ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման արդյունքում կարող են տուժել թե՛ իրավախախտը, թե՛ այլ քաղաքացիներ։ «Սա արվում է հանուն Հայաստանի Հանրապետությունում հանրային անվտանգության հիմքերի ամրապնդման»,- շեշտել է նախարար Սարգսյանը։

✔️ ՆԳՆ նոր կրթահամալիրը հնարավորություն կտա ժամանակակից պայմաններին համապատասխան ուսուցում ապահովել ծառայողների համար․ բացի բազային կուրսից, կապահովվի նաև շարունակական կրթություն։

✔️ 2026 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ-ում կներդրվի բիոմետրիկ համակարգը։ Մասնավոր ընկերության կողմից կիրականացվի սպասարկման գործառույթ, իսկ որոշումների կայացումը և վարչարարությունը կմնա Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորություն։ «Այս համակարգը կգործի եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ ճամփորդելու հնարավորություն կտա մեր քաղաքացիներին»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

✔️ Շրջիկ սպասարկման գրասենյակները անձնագրային և հաշվառման քննական ծառայություններ են մատուցում Երևանում և մարզերում․ տարեսկզբից մինչ օրս 6 մարզում կատարվել է 300-ից ավելի գործարք։

Նմանատիպ գրառումներ