Ապրիլի 22-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է ՆԳ նախարարություն-Գլխավոր Դատախազություն ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։

Համառ պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց ՆԳ նախարարության հավաքական թիմը՝ 5-3 հաշվով հաղթելով Գլխավոր դատախազության հավաքական թիմին։

Ֆուտզալի առաջնությունում 3-րդ մրցանակային տեղը գրավեց Քննչական կոմիտեի հավաքական թիմը։

Ավարտին տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։
ՆԳ նախարարության հավաքական թիմին և մարզիչ, պաշտոնաթող գնդապետ Գագիկ Վարդանյանին մեդալներով ու դիպլոմներով պարգեւատրեց Արփինե Սարգսյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած հավաքական թիմերն ու անհատական խաղով աչքի ընկած մասնակիցները ևս արժանացան համապատասխան պարգևների։ Պարգևները հանձնեցին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։

Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթ ունեցավ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը’ շնորհավորելով բոլորին և ընդգծելով, որ հաղթեց ընկերությունն ու իրավապահ կառույցների մարզական ընկերության մշակույթ ձևավորելու պատրաստակամությունը։

Նշենք, որ Ոստիկանության օրվան նվիրված՝ «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին մեկնարկել էր իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնությունը, որին մասնակցում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պետական վերահսկողական ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հավաքական թիմերը։

Առաջնության նպատակն էր իրավապահ կառույցների միջև ձևավորել մարզական առողջ փոխհարաբերություններ։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի հավաքական թիմերին՝ պատվավոր 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնելու առթիվ և շնորհակալություն ենք հայտնում իրավապահ մյուս գործընկեր կառույցներին՝ ակտիվ մասնակցության համար:

Նմանատիպ գրառումներ