ՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության մակարդակի կատարելագործման նպատակով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակաահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա, ազգությամբ հայ Լազար Սիրոյանը։ Նա Հայաստան էր եկել կիսվելու իր երկարամյա փորձով և գիտելիքներով, ներկայացնելով զինված հանցագործությունների վնասազերծման լավագույն մեթոդներnվ, ինչպես ավտոտրանսպորտային միջոցներում, այնպես էլ շենք-շինություններում։ Դասընթացների շրջանակում ընդգրկվել էին նաև տակտիկական բժշկության և կրակային պատրաստականության տարրերը։

Լազար Սիրոյանն ավելի քան համոզված է, որ նման փորձի փոխանակումները կարևոր դեր ունեն մասնագիտական կարողությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ միջազգային լավագույն փորձի փոխանցումը նպաստում է ներքին անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Սա ոչ միայն հմտությունների, այլև հոգեբանական տեսանկյունից պատրաստվածության մի նոր փորձություն է, որը անփոխարինելի է ծառայողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու գործում։
«Տարբեր ժամանակներում աշխատել եմ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ և նկատել եմ, որ նրանց նոր բան սովորեցնելը հաճախ շատ դժվար է։ Կա երկու բան, որ, իմ կարծիքով, ոստիկանության համակարգում հաճախ ընդունվում են վերապահումներով՝ առկա կարգավիճակը և փոփոխությունները։
Խորապես համոզված եմ, որ փոփոխությունները չափազանց կարևոր են, որովհետև զարգացում նշանակում է դինամիկա։ Փոխվում են ժամանակները, տեխնոլոգիաները»,- նշել է Լազար Սիրոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այս համատեքստում չափազանց կարևոր է կարողանալ համընթաց քայլել ժամանակի մարտահրավերների հետ։

Ավելի քան 10 օր տևած ցուցադրական գործնական պարապմունքին ՆԳՆ ՔՈԳՎ Օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները կրկին ապացուցեցին, որ իրական նվիրվածությունը չի չափվում միայն տեխնիկական միջոցներով։ Երբ իրավիճակն է պահանջում, նրանք գործի են անցնում վճռականությամբ ու պրոֆեսիոնալիզմով, որը գերազանցում է նույնիսկ ամենաբարձր սպասելիքները։ Նրանք լուծում են խնդիրներ այնտեղ, որտեղ, թվում է՝ գործի դնելու միջոցներ պարզապես չկան։
Ճշգրիտ հաշվարկ, համարձակություն և համագործակցման բացառիկ կարողությունները իրենց առջև դրված խնդիրների լուծման կարևոր բանաձևն է։ Այս բանաձևը Լազար Սիրոյանը իր հետ կտանի ԱՄՆ՝ որպես հրահանգիչ կիրառելու նաև ԱՄՆ-ում։
«Որպես հրահանգիչ, եթե ես ոչինչ չեմ սովորում, դա նշանակում է, որ իմ կատարած աշխատանքը վատնված է։ Միաժամանակ ես նկատել և սովորել եմ, թե ինչպես են օպերատիվ արձագանքման վարչության ծառայողները որոշակի միջոցների բացակայությամբ իրենց միջավայրում իրականացրել գործողություններ, որոնք տվյալ պահին շատ էֆեկտիվ էին։ Եվ դա դրանից է, որ տղաները ունեն իրավիճակի ճշգրիտ գնահատման փերձառություն, աշխատանքային հմտություններ և համագործակցության բացառիկ կարողություններ»,- եզրափակել է Սիրոյանը։

Օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների պատրաստվածության մակարդակը գնահատել «գերազանց» բառով՝ չափազանց համեստ կլինի։ Նրանք արդեն անցել են այդ սահմանը։ Նրանք ապացուցեցին, որ իսկական պրոֆեսիոնալիզմը սկիզբ է առնում ոչ թե այն պահից, երբ ամեն բան ձեռքի տակ է, այլ այն պահից, երբ նույնիսկ սուղ պայմաններում գործում ես հստակ, վստահ և արդյունավետ։

Բարձր պրոֆեսիոնալիզմը սկսվում է կրթությամբ ու փորձով, իսկ այս օրվա արդյունքները դրա լավագույն վկայությունն են, ինչի կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից պարգևատրվեց Լազար Սիրոյանը՝ ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը ցուցաբերած գործուն աջակցության և մասնագիտական ներդրման համար։ Այս պարգևատրումը ոչ միայն շնորհակալության ժեստ էր, այլ նաև հստակ ուղերձ՝ ՆԳՆ բաց է համագործակցության համար և պատրաստ է կիրառել ամենաարդյունավետ միջազգային փորձը՝ հանուն հայրենիքի անվտանգության։

Նմանատիպ գրառումներ