Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։

Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 260 աշխատակից։

Վերապատրաստումը կազմակերպվել էր հանրային ծառայողների բարեվարքության պլանի շրջանակում: Այն անցկացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ։

Քննարկման առարկա են դարձել բարեվարքության համակարգի տարրերի կարևորության, ծառայողների վարքագծի կանոնների պահպանման և այլ թիրախային հարցեր։

Մասնագետները ներկայացրել են գործնական օրինակներ, որոնք կնպաստեն կոնկրետ իրավիճակներում հանրային ծառայողների կողմից բարեվարքության կանոնների պահպանմանը։

Նման վերապատրաստումները շարունակական են:

Նմանատիպ գրառումներ