ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ մայիսի 5-9-ը Ծաղկաձորում անցկացվել է ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համար նախատեսված ռազմավարական հաղորդակցության հնգօրյա դասընթաց։ Նպատակը ճգնաժամային իրավիճակներում ծառայողների հաղորդակցության արդյունավետ կազմակերպումն էր։ Դասընթացը վարում էր փորձագետ Սերջիու Վասիլեն։
«Որպես դասընթացավար՝ շատ բան եմ սովորել ձեզնից: Այստեղ հանդիպել եմ փորձառու և հմուտ մասնագետների, ովքեր ունեն գործառնությունների և հաղորդակցության ոլորտում տպավորիչ փորձ: Մենք բոլորս համակարծիք ենք, որ կարեկցանքը, երկխոսությունը և ճիշտ մոտեցումը ցանկացած կազմակերպության հիմքն են, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կառավարել ցանկացած իրավիճակ»,-նշել է Սերջիու Վասիլեն:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման սկզբունքները, հաղորդակցության դերն ու գործընթացի փուլերը՝ սկսած իրավիճակի գնահատումից, հաղորդակցական ռազմավարության պլանավորումից մինչև իրականացում և վերլուծություն։
Ստեղծվել են մոդելավորված ճգնաժամային իրավիճակներ, որոնց ժամանակ մասնակիցները գործնականում փորձարկել են հաղորդակցման տարբեր մեթոդներ։ Մասնավորապես, կազմակերպվել են իրավիճակային սիմուլյացիաներ, որոնց ընթացքում ծառայողները գործել են որպես տեղեկատվության փոխանցողներ՝ ներկայացնելով ճկուն և արագ կողմնորոշվող հաղորդակցական մոտեցումներ։
Բեմադրվել են մամուլի ասուլիսներ, որտեղ մասնակիցները հանդես են եկել որպես խոսնակներ՝ ներկայացնելով իրավիճակի զարգացման ընթացքը, պատասխանատու մարմինների արձագանքն ու իրականացրած քայլերը։ Ձևաչափը նպաստել է ինչպես հրապարակային հաղորդակցության հմտությունների զարգացմանը, այնպես էլ թիմային համագործակցության հղկմանը։
Հնգօրյա դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունները ծառայողներին հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրիտ, հետևողական և նպատակային հաղորդակցություն։
Մասնակիցների գնահատականները փաստում են, որ արդյունավետ ու նպատակային հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում կարող է վճռորոշ դեր ունենալ՝ ապահովելով հասարակության վստահությունն ու պատասխանատու մարմինների արագ արձագանքը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։