Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։
Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկարարական վարչության Գուգարքի ջոկի հրամանատար Գարիկ Մխիթարյանը, Առողջապահության նախարարության հանրապետական շտապօգնության Վանաձորի կայանի բժիշկ Տիգրան Ենգոյանը, սպորտի վաստակավոր մարզիչ և մանկավարժ Գևորգ Կոստանյանը։
Միջոցառման նպատակն էր խթանել ոստիկանություն-համայնք կապը, բարձրացնել դպրոցականների իրավագիտակցությունը, ձևավորել վստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, ինչպես նաև աջակցել մասնագիտական կողմնորոշմանը։
Հանդիպման առաջին հատվածում բանախոսներն անդրադարձան պատանիներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների՝ վնասակար սովորություններից ու հակաօրինական քայլերից խուսափելու անհրաժեշտությունից մինչև երկրաշարժերի, ջրհեղեղների և այլ բնական աղետների ժամանակ վարվելակերպից։
Միջոցառման երկրորդ հատվածն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով. աշակերտներն ու ուսուցիչները բանախոսներին ուղղեցին իրենց հուզող տարաբնույթ հարցեր, որոնց տրվեցին պատասխաններ։
Ամփոփվեցին նաև բաժնի կողմից դեռևս հունվարին կազմակերպված «Իմ ոստիկանը» խորագրով շարադրության մրցույթի արդյունքները, հաղթող աշակերտուհին էլ պարգևատրվեց։
Ավարտին Գուգարքի բաժնի սպասարկման տարածքի դպրոցներում սովորող՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտները հանդես եկան ասմունքով և երաժշտական կատարումներով։
Նմանօրինակ միջոցառումները կարևոր դեր ունեն երիտասարդների իրավագիտակցության բարձրացման, ոստիկանության գործունեության թափանցիկությունն ապահովելու, առողջ ու պատասխանատու սերնդի ձևավորման գործում։