Մայիսի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Յուլիուս Պրանեվիչիուսի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղազարյանը կարևորել է լիտվական կողմի հետ համագործակցությունը և միջազգային փորձի ներդրումը՝ որպես արդյունավետ կառավարման ու բարեփոխումների կարևոր բաղադրիչ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների վերակազմավորման ու արդյունավետության բարձրացման, միգրացիոն հոսքերի կառավարման, ԵՄ-ի հետ համագործակցության ակտիվացման, վիզաների ազատականացման և մի շարք այլ հարցեր։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես կարևորելով ոստիկանության հենասյունային ուղղությունների զարգացումը։ Նա նշել է, որ ծառայությունների արդյունավետ կազմակերպումը նպաստում է հանրային անվտանգության բարձրացմանը, ճգնաժամային իրավիճակներում արձագանքման արագությանն ու որակի բարելավմանը։

Յուլիուս Պրանեվիչիուսն իր հերթին կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ ներկայացրել է արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը։ Անդրադառնալով ծառայությունների կառուցվածքային փոփոխություններին՝ նա առաջարկել է լուծումներ, որոնք կարող են բարելավել կառավարման գործընթացների արդյունավետությունը։

Արմեն Ղազարյանը նշել է, որ հանդիպումը հերթական կարևոր քայլն է համագործակցության ամրապնդման և ճգնաժամային իրավիճակների կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը՝ ակտիվացնելով համատեղ աշխատանքները տարբեր ոլորտներում։

Նմանատիպ գրառումներ